Ճապոնիա-Հարավային Կորեա. կոնֆլիկտը նոր թափ է հավաքում

Ճապոնիան ու Հարավային Կորեան, որոնց հարաբերություններում վերջին շրջանում աճում է լարվածությունը, կրկին հանդես են եկել փոխադարձ կշտամբանքներով, հաղորդում է Euronews-ը։ Հարևանների միջև բանավեճին նոր թափ է հաղորդել ճապոնացի նախարարներից մեկի այսօրվա այցը Յասուկունիի տաճար։ Ճապոնիայի համար օգոստոսի 15-ը Երկրորդ աշխարհամարտում պարտվելու օրն է, ասիական երկրների, նախևառաջ՝ Հարավային Կորեայի և Չինաստանի համար՝ ճապոնական օկուպացիայից ազատվելու օրը։ Յասուկունիի տաճարը, որտեղ թաղված են հազարավոր զինծառայողներ, այդ թվում՝ ռազմական հանցագործներ, Ասիայում համարվում է ճապոնական միլիտարիզմի խորհրդանիշ և պաշտոնական անձանց կողմից ցանկացած այց այնտեղ դիտարկվում է որպես ճապոնական ագրեսիայի զոհերի հիշատակի ոտնահարում։

Կոնֆլիկտի զարգացման հարցում իր լուման է ներդրել նաև Հարավային Կորեայի նախագահ Լի Մեն Բակը, որը Ճապոնիայի կայսրից պահանջել է ներողություն խնդրել գաղութային անցյալի համար։ Նախագահը նաև հիշեցրել է, որ հարևանները մինչ այժմ այդպես էլ չեն ստանձնել կայսերական բանակի զինվորների՝ կորեացի կանանց նկատմամբ բնռությունների պատասխանատվությունը։ Պատմաբանները վստահեցնում են, որ պատերազմի տարիներին մոտ երկու հազար կին Չինաստանում և Կորեայում ստիպված է եղել աշխատել այսպես կոչված «զինվորական բորդելներում»։

Այս հայտարարությունները հնչել են Ճապոնական ծովի արևմտյան հատվածում Տոկտո կամ Տակեսիմա կղզիների պատկանելության շուրջ Ճապոնիայի և Հարավային Կորեայի վաղեմի վեճի ֆոնին․ վեճը նոր թափ է ստացել անցյալ շաբաթ այն բանից հետո, երբ Հարավային Կորեայի նախագահն առաջին անգամ այցելել է կղզիներ։

Մեկնաբանել