Ուկրաինայում ՀՀ դեսպանությունն աշխատում է` ձեռնարկելով անվտանգության միջոցներ. ԱԳՆ

Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը շարունակում է աշխատել` միաժամանակ ձեռնարկելով անվտանգության անհրաժեշտ և հասանելի միջոցները: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:

Հունանյանը նաև հայտնեց, որ հոկտեմբերի 10-ին Կիևին հասցրած հարվածներից ՀՀ դեսպանության շենքը չի վնասվել:

Ուկրաինական լրատվամիջոցները հոկտեմբերի 10-ին հայտնեցին Ռուսաստանի կողմից երկրի տարբեր հատվածներում ավելի քան 84 հրթիռային և ավիացիոն հարվածների մասին: Մասնավորապես, հարվածներ են արձանագրվել Վիննիցայի, Լվովի, Կիրովոգրադի, Նիկոլաևի, Պոլտավայի, Տերնոպոլի, Ժիտոմիրի և Կիևի մարզերում: Ավելի ուշ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ՌԴ պաշտպանության նախարարության առաջարկով և ԶՈւ գլխավոր շտաբի պլանով գերճշգրիտ հեռահար հարվածներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ, ռազմական կառավարման և կապի ենթակառուցվածքներին: