Պրահայից հետո Ադրբեջանի հետ բանակցություններում որևէ զարգացում չկա. ԱԳՆ-ի արձագանքը Չավուշօղլուի հայտարարությանը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը, թե Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքների շուրջ: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանն ընդգծել է, որ Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակվում են և Պրահայի հանդիպումից հետո տարածված հայտարարությունից հետո այս առումով որևէ զարգացում չկա։

«Նոր զարգացումների դեպքում, ինչպես և նախկինում, հանրությանը պատշաճ կերպով տեղյակ կպահենք»,- ասել է Հունանյանը:

***

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն թուրքական tvnet հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել Ադրբեջանի առաջարկած հինգ սկզբունքների շուրջ։

«Անհրաժեշտ է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ամուր խաղաղության պայմանագիր կնքվի: Դրան միտված թեմաներում, օրինակ՝ սահմանային և այլ հարցերի վերաբերյալ, ԱԳ նախարարների միջև հանդիպումներ են կայացել։ Համաձայնություն է ձեռք բերվել հինգ սկզբունքների շուրջ (Ադրբեջանի ԱԳՆ հրապարակած հինգ առաջարկները – խմբ․) և այդ պայմանավորվածությունները պետք է կյանքի կոչել»,- ասել է Չավուշօղլուն։

Հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Եվրոպական խորհրդի ղեկավարների քառակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարությունում ասվում է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Կողմերը հաստատել են, որ «դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար»։

Մեկնաբանել