ԵՄ դեսպանները համաձայնեցին Հայաստան ուղարկել քաղաքացիական առաքելություն․ «Ազատություն»

Եվրամիության դեսպաններն այսօր համաձայնել են Հայաստան ուղարկել քաղաքացիական առաքելություն, որը պետք է տեղակայվի Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով՝ վստահությունն ամրապնդելու և սահմանազատմանը նպաստելու համար։ Որոշումը կայացվել է Քաղաքական և անվտանգության հանձնաժողովի փակ նիստում, հաղորդում են «Ազատություն» ռադիոկայանի դիվանագիտական աղբյուրները։

Այժմ արդեն քննարկվում են դրա իրականացման մանրամասները՝ քանիսն են լինելու, որ երկրներից, և երբ են ժամանելու Հայաստան։ Սակայն հստակ է, որ առաքելությունը կգա, ասել է Բրյուսելի դիվանագիտական աղբյուրը։

Հայ-ադրբեջանական սահման քաղաքացիական առաքելություն ուղարկելու հարցի քննարկման մասին ավելի վաղ խոսել էր Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը․ «Հայ-ադրբեջանական սահման քաղաքացիական առաքելություն ուղարկելու որոշումը պետք է ընդունվի անդամ երկրների կողմից, այդ հարցը կքննարկվի Քաղաքական և անվտանգության հանձնաժողովում»,- նշել էր նա։

***

Քաղաքացիական առաքելություն ուղարկելու մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ու Եվրոպական խորհրդի ղեկավարների քառակողմ հանդիպման ընթացքում։

«Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին, առավելագույնը երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը»,- ասված էր հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարությունում։

Մեկնաբանել