Ադրբեջանը հասնում է իր նպատակին. Փաշինյանի ու Ալիևի հանդիպման արդյունքները

Հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որին մասնակցել են նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ու ԵՄ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:

Հանդիպման ընթացքում ընդունվել է հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է.
«Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:

Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչև հոկտեմբերի վերջ:

Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին, առավելագույնը երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը»:

Ինչպես տեսնում ենք, Պրահայի հանդիպման ընթացքում մի շարք կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության ժամանակավոր տեղակայման վերաբերյալ պայմանավորվածությունը Պրահայի հանդիպման գլխավոր առարկայական արդյունքը կարելի է համարել: Հայաստանի իշխանությունները Ադրբեջանի հետ սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայման անհրաժեշտության մասին հայտարարում էին դեռևս 2021 թվականի մայիսից: Սակայն մինչև ռուս-ուկրաինական պատերազմը արևմտյան որևէ առաքելության առկայությունը հակամարտության գոտում անիրատեսական սցենար էր համարվում:

Վերջին ամիսների ընթացքում Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների պատճառով Հարավային Կովկասում Ռուսաստանի հնարավորությունների ու ազդեցության զգալի նվազումը նոր իրողություններ է ստեղծել գետնի վրա և հնարավոր է դարձրել նման առաքելության տեղակայումը:

ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին, անշուշտ, նպատակ է հետապնդում տարածաշրջանում կայունություն ապահովել և նախադրյալներ ստեղծել բանակցային գործընթացում առաջընթացի համար: Այն, ինչ տեղի էր ունենում հայ-ադրբեջանական համատեքստում վերջին շրջանում, դժվար էր բանակցային գործընթաց անվանել: Ադրբեջանը վերջին ամիսների ընթացքում կոնկրետ վերջնագրեր էր դնում Հայաստանի առջև և փորձում էր հասնել դրանց կատարմանը ուժի սպառնալիքի միջոցով:

Այդ առումով ԵՄ դիտորդական առաքելության առկայությունը սահմանին կարող է առնվազն կարճաժամկետ կտրվածքով նվազեցնել ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը: Եվրամիության առաքելության տեղակայումը սահմանին կարող է նաև կարևոր նախադեպ դառնալ: Եթե Պրահայի հայտարարության մեջ նշված երկամսյա ժամկետի լրանալուց հետո իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին շարունակի լարված լինել, Երևանը կարող է փորձել երկարաձգել առաքելության տեղակայման ժամկետը կամ պնդել այլ առաքելության տեղակայման անհրաժեշտությունը։

Ի դեպ, արդեն իսկ կան խոսակցություններ այն մասին, որ հայ-ադրբեջանական սահմանին մոտ ապագայում կարող է նաև ԵԱՀԿ դիտորդական առաքելություն տեղակայվել: Կա մեծ հավանականություն, որ մոտ ապագայում հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տեղակայվելու է նաև ՀԱՊԿ զինված առաքելություն:

Ակնհայտ է, որ Բաքուն Հայաստան-Ադրբեջան սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը համաձայնություն է տվել շատ կոնկրետ ակնկալիքներով: Ադրբեջանի այդ ակնկալիքների մասին գրեթե ուղիղ տեքստով գրված է Պրահայի հայտարարության տեքստի առաջին մասում: Երևանը ամենայն հավանականությամբ համաձայնել է մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիր, ինչպես նաև արագ առաջընթաց ապահովել սահմանազատման գործընթացում:

Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում բազմիցս հայտարարել է, որ Երևանը պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիր և ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եթե վերջինս ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը 29 800 քառակուսի կիլոմետր տարածքով: Այդ առումով պարզ է, թե ինչու է Պրահայի հայտարարության մեջ հղում արվում Ալմա-Աթայի հռչակագրին:

Ինչպես արդեն գրել էինք նախկինում, Հայաստանը ընդունել է Ադրբեջանի բոլոր պահանջները «խաղաղության պայմանագրի» օրակարգում: Հետևաբար Պրահայի հայտարարությունը կարելի է ևս մեկ քայլ համարել, որը մոտեցնում է այդ գործընթացի հանգուցալուծումը: Ադրբեջանի իշխանությունները նպատակ էին դրել Հայաստանի վրա ուժային ճնշման միջոցով կարճ ժամանակահատվածում հասնել իրենց գլխավոր նպատակին` խաղաղության պայմանագրի կնքմանը, և նրանք հասնում են այդ նպատակին: Խաղաղության պայմանագրի ստորագրումը, այնուամենայնիվ, ոչ թե խաղաղություն է բերելու տարածաշրջան, այլ բազմաթիվ նոր խնդիրներ է ստեղծելու:

Մեկնաբանել