Ռուսաստանի ԱԳՆ-ն քննադատել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ԵՄ առաքելության գաղափարը

Mid mfa russia

Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելություն ստեղծելու գաղափարը գնահատում է որպես Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման մեջ ցանկացած ձևով մխրճվելու և այդ կերպ Ռուսաստանին դուրս մղելու հերթական փորձեր։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ամենաշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«ԵՄ-ի պաշտոնական որոշումն այդ կապակցությամբ, որքան հասկանում ենք, դեռ չի ընդունվել։ Մենք դրանում տեսնում ենք ԵՄ-ի հերթական փորձերը՝ ցանկացած կերպ մխրճվելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման մեջ, դուրս մղել Ռուսաստանին»,- ասել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ 8 տարիների ընթացքում ուկրաինական հակամարտության հարցով արևմտյան երկրների միջնորդական ջանքերը արդյունք չեն տվել, և դժվար թե ԵՄ-ն այժմ կարողանա օգնել Բաքվին և Երևանին:

Ըստ նրա՝ Երևանին և Բաքվին հաշտեցնելու, տարածաշրջանում տևական կայունություն և խաղաղություն հաստատելու միակ ճանապարհը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններն իրագործելն է։

***

Եվրամիության դեսպաններն այսօր համաձայնել են Հայաստան ուղարկել քաղաքացիական առաքելություն, որը պետք է տեղակայվի Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով՝ վստահությունն ամրապնդելու և սահմանազատմանը նպաստելու համար։ Որոշումը կայացվել է Քաղաքական և անվտանգության հանձնաժողովի փակ նիստում, հաղորդում են «Ազատություն» ռադիոկայանի դիվանագիտական աղբյուրները։

Քաղաքացիական առաքելություն ուղարկելու մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ու Եվրոպական խորհրդի ղեկավարների քառակողմ հանդիպման ընթացքում։

«Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին, առավելագույնը երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը»,- ասված էր հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարությունում։

Մեկնաբանել