Աստանայում կհանդիպեն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները

Ռուսական կողմի նախաձեռնությամբ հոկտեմբերի 14-ին Աստանայում նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում։ Այս մասին հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ չհստակեցնելով հանդիպման օրակարգը:

Հոկտեմբերի 12-14-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կլինի Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում՝ մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:

***

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումը տեղի էր ունեցել հոկտեմբերի 2-ին Ժնևում, դրանից առաջ՝ սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ։

Ռուսական կողմի նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները վերջին անգամ հանդիպել էին մայիսի 12-ին՝ Դուշանբեում։