Հայաստանում արձանագրվել է հարկային եկամուտների հավաքագրման պատմական ռեկորդ. Ռուստամ Բադասյան

Հայաստանում 2022-ի հունվար-սեպտեմբերին արձանագրվել է հարկային եկամուտների հավաքագրման պատմական ռեկորդ: Պետբյուջեի հարկային եկամուտները կազմել են 1 տրլն 412 մլրդ ՀՀ դրամ: Այդ ամսին Հանրային հեռուսատաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը` հավելելով, որ հարկային եկամուտները գերակատարվել են ավելի քան 77 մլրդ դրամով:

Նրա խոսքով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հավաքագրված գումարն ավելի է շուրջ 275 մլրդ դրամով կամ 24,2%-ով: Այնուհետև նա հայտնել է ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում հարկ վճարողներին վերադարձված գումարի չափը՝ 172 մլրդ դրամ, որը, Բադասյանի խոսքով, կրկին ռեկորդային ցուցանիշ է:

Առաջին 9 ամիսների տվյալներով, նշել է ՊԵԿ նախագահը, եկամուտ ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է շուրջ 663 հազար:

«‎Նախորդ տարվա համեմատ ավելի է շուրջ 36 800-ով կամ 6%-ով, իսկ 2020-ի ցուցանիշը գերազանցում է շուրջ 60 000-ով», – ասել է նա:

Բադասյանը նաև խոսել է հարկեր/ՀՆԱ հարաբերակցության մասին, որն ըստ էության վկայում է հարկային վարչարարության արդյունավետության մասին: «Հարկեր/ՀՆԱ ցուցանիշը 2021-ին կազմել է 22,7%։ Ընթացիկ տարում նախատեսվում է ունենալ 11% տնտեսական աճ և 8% գնաճ, իսկ հարկեր/ՀՆԱ ցուցանիշը բարելավվելու է 0,5 տոկոսային կետով և կազմելու է 23,2%», – ասել է նա։

Մեկնաբանել