Երևանում կայացել է Հայաստանի վարչապետի և Արցախի նախագահի հանդիպումը

Երևանում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի հանդիպումը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետի աշխատակազմից նաև նշել են, որ նման հանդիպումները կրում են պարբերական բնույթ:

Հոկտեմբերի 9-ին հայտնի էր դարձել, որ Արցախի նախագահի գլխավորած պատվիրակությունը ժամանելու է Երևան՝ ՀՀ իշխանությունների հետ քննարկելու Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը:

***

Հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի քառակողմ հանդիպումից հետո ընդունվել է հայտարարություն, որով «Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։

Նախքան պրահյան հանդիպումը՝ սեպտեմբերի 30-ին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրում Արցախի հարցին կարող է և անդրադարձ չլինել»։