Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել ադրբեջանական զինուժի կողմից հայ ռազմագերիների սպանության նոր տեսանյութի վերաբերյալ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, ադրբեջանական սոցիալական ցանցի տիրույթում տարածված տեսանյութը պատկերում է անզեն հայ ռազմագերիների խոշանգման հերթական դեպքը՝ հիմնավորելով այդ ռազմագերիներին հաջորդիվ սպանելու փաստը։ Այս անգամ էլ ադրբեջանական զինուժը տեսանկարահանում է իր պատերազմական հանցագործության փաստը։ Պաշտպանի հաստատությունը տեղորոշել է վայրը, հաստատում ենք, որ տեսանյութի իրադարձությունները տեղի են ունեցել սեպտեմբերի 13-ին Հայաստանի տարածքի վրա ադրբեջանական զինուժի հարձակման ընթացքում։ Տեսանյութում պատկերված հայ ռազմագերիները նույնականացված են։ Այս փաստերն ի թիվս այլ ապացույցների՝ հաստատվում են սույն թվականի հոկտեմբերի 4-ին հայրենադարձված հայ ռազմագերիների վկայություններով։
Նշված փաստերը մանրամասներով փաստաթղթավորվել են և կուղարկվեն միջազգային մասնագիտացված կազմակերպություններին ու դերակատարներին։
Պաշտպանն արձանագրում է, որ ադրբեջանական զինծառայողների կողմից իրականացված ծանր հանցանքները շարունակում են մնալ անարձագանք, իսկ անպատժելիությունը նրանց քաջալերում է նոր ու ավելի ծանր հանցանքներ գործելու համար։ Այս արարքները պետք է հստակորեն դատապարտվեն միջազգային իրավասու դերակատարների կողմից։
Միջազգային հանրությունը պետք է առավել հետևողականորեն պահանջի ադրբեջանական իշխանություններից պատշաճ քննություն իրականացնել և հանցագործներին ու կազմակերպիչներին մեդալներով զարդարելու փոխարեն պատժել»,- ասված է հայտարարությունում։
***
Ադրբեջանցիների կողմից հայ ռազմագերիների սպանության տեսանյութ էր տարածվել նաև հոկտեմբերի 1-ին։ Պատերազմական հանցագործությունը կրկին տեղի էր ունեցել սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի վրա ադրբեջանական հարձակման ժամանակ։ Տեսնայութում երևում էր, որ ադրբեջանցի զինվորականները չորս կողմից ինքնաձիգներից կրակ են բացում գետնին նստած հայ զինվորների վրա։