Փորձում են ինձ չեզոքացնել, Արցախից հեռացնել. Հայկ Խանումյան

«Ֆեյսբուքյան «ԱրՊՀ ղեկավարությունը` Արցախի իշխանությունների արտացոլանք» գրառման մեջ անդրադարձել էի հուլիսի երեսունին տեղի ունեցած դեպքին: Այսօր քննիչն ինձ գործում որպես մեղադրյալ է ներգրավել` հենվելով ԱրՊՀ աշխատակիցների, այդ թվում միջադեպի մասնակիցների ցուցմունքների վրա: Հստակ է, որ իմ դեմ ուղղված այս սադրանքն ու գործը հստակ պատվերի արդյունք է: Պատվիրատուն էլ պարզ է` իշխանությունը: Միջադեպից տասնյոթ օր առաջ ԼՂՀ գերագույն դատարանի նախագահը ֆեյսբուքյան մեկնաբանությունում ինձ գրել էր` «Դուք խոսում եք ընտրական օրենսգրքից, ձեզ քրեականից բացի ուրիշ գիրք պետք չէ, քրեական սովորեք, քրեական, այն կարող է շատ պետք գա ՄԵԿՆԱԲԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»: Այժմ ԱրՊՀ-ում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ 258-րդ հոդվածի երկրորդ մասով, որտեղ ես ներգրավվել եմ որպես մեղադրյալ:

Այս գործի նման ձևով ընթացքի մեջ, վստահաբար, իր ներդրումն ունի նաև ԼՂՀ գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը, ում մի ամիս առաջ քննադատել էի Ստեփանակերտի կենտրոնում շքեղ տուն կառուցելու համար և առաջարկել եկամուտների հայտարարագիրը հրապարակել: Սակայն Ղարամյանին հատկապես վրդովեցրել էր բլոգումս գրած նյութը, որտեղ քննադատել էի գլխավոր դատախազին: Ֆեյսբուքյան մեկնաբանությունների մեջ գլխավոր դատախազը իմ հարցերին պատասխանել էր անուղղակի սպառնալիքներով, ասացվածքների տեսքով` «Օղձին կլոխը վեր ցավում է, տնյում ա կածանումը» (Օձի գլուխը որ ցավում է, դնում է կածանին) և այլն:

Այս պարագայում, երբ նախաքննությունը հսկող մարմնի ղեկավարը և Գերագույն դատարանի նախագահն իմ նկատմամբ ունեն խիստ կողմնակալ դիրքորոշում, դատարանից արդար վճիռ սպասելը ամբողջական միամտություն կլինի իմ կողմից:

Այս ամբողջ պատմությունը շարունակությունն է ավելի քան երկուսուկես տարի տեղի ունեցող հետապնդումների, որոնց մի մասն էլ հրապարակայնացրել եմ: Սա մի ամբողջ պետական մեքենայի աշխատանք է` ուղղված ինձ Արցախից հեռացնելուն: Դժբախտաբար, այդ գործընթացին անձամբ մասնակցել, իսկ որոշ դեպքերում էլ ղեկավարել է ԼՂՀ նախագահը` Արցախից հեռանալու համար միջնորդություններ ներկայացնելով հայաստանյան տարբեր պաշտոնյաների և այլ հեղինակավոր անձանց:

Կարծում եմ` ինձ վերջնականապես «չեզոքացնելու» որոշում կայացվել է 2012թ. նախընտրական շրջանում, որտեղ ես նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի շտաբում ակտիվ գործունեություն էի ծավալում: Իմ դեմ կիրառվող քաղաքական հաշվեհարդարի այս նոր ձևը ընդամենը լրացնում է ներկայիս իշխանությունների կողմից նախկինում արվածը»,- նշում է Հայկ Խանումյանը:

Մեկնաբանել