Հինգերորդ գումարտակի դատական գործը․ 400 անփորձ զինվոր՝ առանց հրամանատարի ու կապի միջոցի

2020-հոկտեմբերի 9-ին Ջրականի (Ջաբրայիլի) զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի զինծառայողները (դատաքննության ընթացքում խոսվում է մինչև 400 զինծառայողների մասին, այդ թվում՝ զինվորների ու սպաների) տեղափոխել են Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող «Խուռհատ» սարի մարտական դիրքեր։ Հաջորդ օրը սկսվել է հարձակումը։ Ադրբեջանական դիվերսիոն խմբերին հետ շպրտելու համար անտառային բարդ տեղանքում են հայտնվել ոչ ավել ոչ պակաս ուսումնական գումարտակի նորակոչիկներ։ Նրանցից շատերը, եթե ոչ գերակշիռ մեծամասնությունը, մեկ կամ երկու ամսվա զինծառայողներ էին, անգամ մեկ փամփուշտ կրակած չեն եղել, իսկ որոշներն անգամ զինվորական երդում չէին տվել։ Վկաներից մի քանիսի խոսքով՝ նրանցից տուն է վերադարձել 150-ը։ Հիմա դատարանում քննվում է այս գործը, ամբաստանյալի աթոռին ընդամենը մեկ սպա է՝ գումարտակի նախկին հրամանատար Իշխան Վահանյանը, այն բանի համար, որ մարտի ժամանակ լքել է դիրքերը։

Հոկտեմբերի 11-ին Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ծնողները մոտ մեկ ժամ սպասեցին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրի դիմաց՝ մինչև նիստերի դահլիճը կազատվի ու կմասնակցեն դատաքննությանը։

«Ջրի շիշը թողեք այստեղ նախքան ներս մտնելը»,- դահլիճ մտնելուց առաջ ասում էր դատական կարգադրիչը։ Ջրի՝ դատարկ և լցված շշերը մարդիկ դնում էին դահլիճի դիմացի աթոռին, որի կողքը նաև Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ եղբորն ու եղբորորդուն կորցրած Արսեն Ղուկասյանի ձեռնափայտն էր։ Ղուկասյանն այս գործով տուժողների իրավահաջորդ է։ Դատական կարգադրիչի խնդրանքը պատահական չէր․ այս գործով նիստերը հանդարտ չեն անցնում։ Իրավիճակը պարբերաբար հանգստացնում էր երիտասարդ դատավոր Ջոն Հայրապետյանը, որին ծնողները լսում էին, իսկ ընդմիջումներին արտասուքով պատմում, թե ինչպես են զոհվել իրենց որդիները։

Մեղադրական եզրակացություն․ Իշխան Վահանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով N զորամասի գումարտակի հրամանատար, նույն ստորաբաժանման ժամկետային և կրտսեր սպայական կազմի ուղղակի պետը, 2020-ի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Արցախի Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող «Խուռհատ» սարի վրա տեղի ունեցած մարտական գործողություններին ակտիվ մասնակցություն չունենալու և սեփական կյանքը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ մարտի ժամանակ ինքնակամ լքել է դիրքերը։

Հոկտեմբերի 11-ին դատարանում երկու վկա հարցաքննվեց՝ պատերազմի ժամանակ տվյալ զորամիավորման հրամանատար Կարեն Առուստամյանը և Ջրականի զորամասի օպերատիվ բաժնի պետ-շտաբի պետի տեղակալ Ռյուրիկ Սեմյոնովը։

Ցուցմունք է տալիս վկա Կարեն Առուստամյանը

Կարեն Առուստամյանը զինվորական կոչումով գեներալ-մայոր է։ Դատարանում հայտնեց, որ մասնակցել է Արցախյան երեք պատերազմներին։ Վերջին պատերազմից հետո տեղափոխվել է կադրերի ռեզերվ, իսկ հետագայում իր դիմումի համաձայն ազատվել աշխատանքից։ Ռյուրիկ Սեմյոնովը բանակի գործող սպա է։

Ադրբեջանական հարձակման մասին իմացել են օրեր առաջ

«Սեպտեմբերի 21-ից հետո արդեն տեխնիկայի շարժ ենք նկատել։ Ամսի 24-25-ին ԱԹՍ-ներ ենք բարձրացրել օդ ու տեսել, որ կուտակում կա»,- դատարանում պատմեց Ռյուրիկ Սեմյոնովը։ Թռչող սարքի կադրերը ցույց են տվել, որ հակառակորդը հայկական դիրքերին մոտեցրել է հարձակողական զինտեխնիկա։

«Տանկերի դիմացը ականորսիչներ կային, այսինքն՝ նպատակ էր դրված մաքրել ականապատ տարածքները, որ առաջ գան»։

Ցուցմունք է տալիս վկա Ռյուրիկ Սեմյոնովը

Զեկուցել են հրամանատարությանը, սակայն՝ ապարդյուն, հրամանը եղել է միայն զգոնությունը բարձրացնել։

«Բազմաթիվ անգամ զանգել ենք, ասել են՝ սպասեք, սպասեք ու սպասեք։ Միայն կարգադրություն է եղել, որ հրետանին ուժեղացնենք,- նշեց վկան ու հավելեց,- 3-րդ բանակային կորպուսը ամսի 24-25-ին ամբողջությամբ պատրաստ է եղել, իսկ մերը մինչև վերջին օրը չեն թողել»։

Նրա խոսքով՝ ի վերջո տեղում որոշում է կայացվել՝ զորքին պատրաստել մոտալուտ մարտական գործողություններին։

«Հիմա հրամանատարը կարող է ինքնուրույն նման բնույթի որոշում կայացնել, նախկինում (2020-ի պատերազմի ժամանակ և դրանից առաջ – Գ․Թ․) այդպես չէր»։

Զորամիավորման նախկին հրամանատար Կարեն Առուստամյանը, սակայն, դատարանում պնդում էր, թե ինքը նախապես չի իմացել, որ պատերազմ պետք է սկսվի։ Երբ նրան հարցրին, որ անգամ ամսի 25-26-ին զինվորները ծնողներին հայտնել են, թե պատերազմ է լինելու, ինչու է ինքն անտեղյակ, Առուստամյանը պատասխանեց. «Կոնկրետ մեկը չի նշել, զեկույց չկա, որ ամսի 27-ին պատերազմ է սկսվելու»։ Նրա խոսքով՝ արձակուրդում է եղել և վերադարձել է սեպտեմբերի 25-ին։ Առուստամյանի ցուցմունքների ժամանակ պարբերաբար լսվում էին ծնողների դժգոհությունները, նրանք հույզերը չէին կարողանում զսպել։ Ծնողներից մեկին անգամ հեռացրին նիստերի դահլիճից։ Նա պնդում էր, որ Կարեն Առուստամյանը ստում է։

Ծնողներին զայրացրել է վկա Կարեն Առուստամյանի ցուցմունքը

Դատարանում նաև տեղեկություն տրամադրվեց, որ սեպտեմբերի 25-ին Ջրականի զորամասում զինվորներից զինգրքույկներն են հավաքել։ Երկու վկաներն էլ նշեցին, թե նման տեղեկություն չունեն։

«Մարդ կար, որ անգամ մեկ կրակոց չէր արձակել ծառայության ընթացքում»

Պատերազմի ժամանակ 5-րդ հրաձգային գումարտակի տեղաշարժը։ Սեպտեմբերի 27-ին ուսումնական գումարտակը եղել է Ջրականի զորամասում, առաջինը հակառակորդը հարվածել է պահեստներին։ Գումարտակը տեղափոխվել է «Չռիկներ» կոչվող տեղամաս, իսկ հոկտեմբերի 4-ին այդ տեղամասից նահանջել է Հադրութ, տեղակայվել քաղաքի դպրոցում ու զորամասում։ Հոկտեմբերի 9-ի առավոտյան գումարտակը հրաման է ստացել դիրքավորվել Հադրութի մոտակայքում գտնվող «Խուռհատ» բարձունքի վրա։ Հոկտեմբերի 10-ի առավոտյան սկսվել է հրետակոծություն, այնուհետև թիկունքից դիվերսիոն խմբեր են ներթափանցել։ Գումարտակը, կորուստներ կրելով, ցրվել է անտառներում, մի մասը կարողացել է փրկվել, մի մասն էլ անհետ կորած է առ այսօր։ Պատերազմի մեկնարկին՝ սեպտեմբերի 29-ին, զոհվել է գումարտակի հրամանատարը, նրան փոխարինել է Գարիկ Վարդերեսյանը, որին, սակայն, հոկտեմբերի 6-ին պաշտոնից ազատել են, իսկ հաջորդ օրը նշանակել այս գործով ամբաստանյալ Իշխան Վահանյանին։

Դատարանում հնչած ցուցմունքներից, ծնողների ու փաստաբանների հարցապնդումներից պարզ դարձավ, որ գումարտակի նախկին հրամանատար Գարիկ Վարդերեսյանը հրաժարվել է հրաման կատարել։ Նա բարձրագույն ղեկավարությանը զեկուցել է, որ պատրաստ չէ առաջնորդել գումարտակին, քանի որ զինվորները բարոյապես հուսալքված են, չեն կարող իրենց առջև դրված խնդիրները կատարել։ Մինչ այդ ուսումնական այս գումարտակը նահանջել էր «Չռիկներ» կոչվող տեղամասից։

Զորամիավորման նախկին հրամանատար Կարեն Առուստամյանի խոսքով՝ Վարդերեսյանը չի հրաժարվել հրամաններ կատարելուց, այլ նրա «բարոյահոգեբանական վիճակն այնպիսին էր, որ չէր կարող շարունակել ղեկավարել այդ ստորաբաժանումը»։ Այդ ընթացքում լսվեց ծնողներից մեկի ձայնը․ «18 տարեկան երեխաները չէին վախենում, նա՞ վախեցավ»։

Վկա Ռյուրիկ Սեմյոնովն էլ կարծիք հայտնեց, որ միգուցե Վարդերեսյանը ճիշտ է գործել, քանի որ «անձնակազմը անպատրաստ վիճակում էր»։ Նա հավելեց, որ զինված ուժերում զորքերին պատրաստում են լեռնային կամ դաշտային պայմաններում մարտեր վարելու, սակայն ոչ անտառային պայմաններում։ Ըստ վկայի՝ նման պայմաններում, որպես կանոն, մարտական գործողությունների են մասնակցում հատուկ ստորաբաժանումները։

«Խուռհատ» սարի անտառային բարդ պայմաններով դիրքեր, սակայն, տեղափոխել էին անփորձ ուսումնական գումարտակի զինվորներին՝ դիմագրավելու հակառակորդի դիվերսիոն ուժերին։

«Մարդ կար, որ անգամ մի փամփուշտ չէր կրակել»,- նշեց վկան։ Երբ Վարդերեսյանին պաշտոնից ազատել են, նրա փոխարեն նշանակել են այս գործով ամբաստանյալ Իշխան Վահանյանին։ Զորամիավորման նախկին հրամանատարը դատարանում հայտնեց, որ ընտրության հնարավորությունը մեծ չէր։

Կարեն Առուստամյանն ասում է, որ Հադրութ քաղաք նահանջելուց հետո հոկտեմբերի 5-ին գնացել է և զրուցել սպայական կազմի ու զինվորների հետ։

«Ես որոշել եմ գնալ ու տեսնել նրանց, մեջները կային հիվանդ զինվորներ, հոգեպես վատ վիճակում, զորքը նաև թրջվել էր։ Խոսել եմ սպաների ու զինվորների հետ»,- ասաց Առուստամյանը։ Իսկ ծնողներից մեկը տեղից բղավեց. «Խոսե՞լ ես հետները, թե՞ կրակել ոտքերի տակ»։ Վկան ցանկացավ պատասխանել, դատարանը թույլ չտվեց։

Ըստ Առուստամյանի՝ գումարտակն ընդգրկվել է մարտական գործողության 2-րդ պաշտպանական բնագծում, բայց «պատերազմի ընթացքում ստացվել է այնպես, որ այդ բնագիծը դարձել է առաջնագիծ»։

Հոկտեմբերի 9-ի առավոտյան գումարտակը հրաման է ստացել դիրքավորվել Հադրութի մոտակայքում գտնվող «Խուռհատ» բարձունքի վրա։

Հոկտեմբերի 10-ին, ըստ Կարեն Առուստամյանի, սկսվել է Հադրութի հրետակոծությունը, ապա քաղաք ու հարակից դիրքեր են ներխուժել ադրբեջանական դիվերսիոն խմբեր, ստեղծվել է խուճապային իրավիճակ։ Ադրբեջանական խմբերը Հադրութ ու հարակից դիրքեր են մտել երեք ուղղություններից։ Դատարանում Առուստամյանը պնդեց, թե հոկտեմբերի 10-ի նախորդող օրերին դիվերսիոն խմբեր չեն եղել քաղաքում։

Ամբաստանյալի պաշտպանը զորամիավորման հրամանատարին հարց ուներ ոչ թե որպես նախկին ղեկավարի, այլ որպես մարդու. «Իրատեսակա՞ն էիք համարում, որ մի գրչի հարվածով 400 երեխա, որ ուսումնական գումարտակում էին, դառնում են մարտական, վեց ամսվա փոխարեն ծառայել էին ընդամենը մեկ կամ երկու ամիս»։

Առուստամյանը պատասխանեց. «Իհարկե ճիշտ չի։ Որպես մարդ կարծում եմ, որ մեկ կամ երկու ամսում զինվորը չի կարող այդաստիճան բարձր մարտական պատրաստություն ունենալ»։

Խոսելով պատերազմի մասին՝ Առուստամյանը նշեց, որ պատերազմի առաջին իսկ օրերին խոցվել է Արցախի պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության համակարգը, բաց օդը ամենաշատն է խանգարել պաշտպանական ուժերին։

Դատարանում Ռյուրիկ Սեմյոնովն էլ ասաց, որ հոկտեմբերի 3-4-ին Ջրականի զորամասի 5-րդ գումարտակը, ինչպես նաև այլ ստորաբաժանումներ 3-րդ բանակային զորամիավորման «Դուցի» գումարտակի պատճառով են հայտնվել հակառակորդի հարվածի տակ, ինչպես նաև շրջափակման մեջ. «Ցերեկը մարտ են վարել, գիշերը գնացել են, արդյունքում ոչ միայն 5-րդ գումարտակը, նաև այլ ստորաբաժանումներ են հայտնվել շրջափակման մեջ»,- ասաց վկան։

Գումարտակը մարտի ժամանակ զրկվել է կապի միջոցից

Դատավոր Ջոն Հայրապետյան վկա Ռյուրիկ Սեմյոնովին հարցրեց, թե ինչ տեղեկություն ունի Իշխան Վահանյանի՝ դիրքերը լքելու մասին՝ հավելելով, որ ըստ ցուցմունքներից որոշների՝ Վահանյանը ձևական է կատարել իր պարտականությունը, իսկ մարտի ընթացքում ձևացրել է, թե վիրավոր է ու մի քանի վիրավոր զինվորների տեղափոխելու պատրվակով լքել է դիրքերը, գնացել հոսպիտալ։ Ռյուրիկ Սեմյոնովը նշեց, թե զորամասի հրամանատարից է իմացել, որ հոկտեմբերի 10-ին Վահանյանը լքել է մարտի վայրը. «Հրամանատարն ասաց, որ Վահանյանը ռացիան անջատել է, զորքին թողել անտառում ու գնացել։ Դրանից հետո խուճապային իրավիճակ է ստեղծվել, զորքը տարածքը չի իմացել, հակառակորդը, որ մտել է Հադրութ, ամեն մեկը մի կերպ պատսպարվել է՝ մի մասը անտառներում, մյուսները՝ քաղաքի տների պադվալներում»։

Ծնողներից մեկը Սեմյոնովից հետաքրքրվեց, թե ճի՞շտ է, որ սպան իր հետ վերցնում է մի քանի զինծառայողի, թողնում մյուս անձնակազմին ու գնում։ «Դա դավաճանություն է»,- պատասխանեց վկան։

Վահանյանի անհետանալուց հետո մի ամբողջ գումարտակ հայտնվել է առանց հրամանատարի ու կապի միջոցի։

Դատարանում Կարեն Առուստամյանին տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը հարցրեց, թե արդյոք տեղյակ էր, որ 5-րդ գումարտակն այդ սարում կապի միջոց չունի։ Պատասխանեց՝ ոչ։

«Ընդհանրապես տեղյակ չե՞ք եղել իրավիճակից»,- հետաքրքրվեց տուժողի իրավահաջորդների փաստաբաններից մեկը։ Առուստամյանը պնդեց, թե տեղյակ է եղել։ «Ինչպես է ստացվել, որ գնդի հրամանատարը անգամ լայաղ չի արել կորպուսի հրամանատարին հայտնել, որ մի ամբողջ գումարտակ կապի միջոց չունի»,- շարունակեց փաստաբանը։ Դատավորն ավելի պարզեցրեց հարցը. «Ո՞վ պետք է զեկուցեր, որ այդ 400 երեխան սարի վրա են ու ինչ վիճակում են»։ «Հրամանատարը կամ տեղակալը։ Նրանք ոչինչ չեն զեկուցել։ Եթե լիներ զեկույց, մի բան կմտածեինք»,- ասաց զորամիավորման նախկին ղեկավարը։

«Խուռհատ» սարից նահանջն իրականացվել է անկանոն։ Զինծառայողներից շատերը հայտնվել են անտառներում՝ շրջափակված։ Տուժողի իրավահաջորդ Արսեն Ղուկասյան Կարեն Առուստամյանին ասաց, որ հոկտեմբերի 11-ի դրությամբ հրամանատարական կազմից իմացել են, որ Հադրութի անտառներում շրջափակման մեջ զինվորներ կան, ինչու քայլեր չեն ձեռնարկել նրանց փրկելու։ Առուստամյանը պատասխանեց, որ հոկտեմբերի 15-17-ին է իմացել, որ շրջափակման մեջ են եղել այդ զինվորները։

Դատարանում ծնողները հարցնում էին՝ ինչու Կարեն Առուստամյանը չկա Իշխան Վահանյանի կողքին։

Մեկնաբանել