Հերթեր Երևանի մանկապարտեզներում. ինչո՞ւ են առաջացել և ի՞նչ լուծում ունի խնդիրը

Մկրտիչ Կարապետյան

Երևանում մանկապարտեզների գերբեռնվածության խնդիրը շարունակում է խնդրահարույց մնալ հազարավոր երեխաների ու նրանց ծնողների համար։ Նախադպրոցական տարիքի բազմաթիվ երեխաներ ըստ էության զրկված են կրթության իրավունքից մանկապարտեզների ծանրաբեռնվածության պատճառով։ Շատ դեպքերում էլ երեխայի հերթագրումից մինչև մանկապարտեզ հաճախելու ժամանակահատվածն այնքան է ձգձգվում, որ երեխան դառնում է դպրոցահասակ։

Երևանում նախադպրոցական հաստատություններում հերթերի խնդիրը սրվեց հատկապես կորոնավիրուսի ի հայտ գալու և համավարակի սահմանափակումների պատճառով։ 2020-2021 ուսումնական տարվա ընթացքում այս պատճառով մանկապարտեզներում ընդունելություն չի կազմակերպվել։ Երևանի քաղաքապետարանի «Մանկապարտեզ» կառավարման համակարգի տվյալներով՝ սեպտեմբերի 19-ի դրությամբ հերթագրված երեխաների թիվը 8706 է, «իսկ այս պահին համայնքային մանկապարտեզներ հաճախում են 24 500 երեխաներ»։

Վերջին տասը տարիների կտրվածքով՝ Երևանի մանկապարտեզներում երեխաների թիվը հիմնականում տատանվել է 25 000 – 30 000-ի միջակայքում։ Այն ունեցել է հետևյալ տեսքը․

Երևանում ներկայում կա համայնքային և գերատեսչական 171 մանկապարտեզ։ Վերջին տասը տարիների ընթացքում մայրաքաղաքում կառուցվել է մեկ համայնքային մանկապարտեզ՝ Նուբարաշեն վարչական շրջանում։ Այդ տվյալը մեզ տրամադրեց Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատար Մարգարիտ Խաչատրյանը։ «Մանկապարտեզների թիվը ավելացել է մեկով Նուբարաշեն վարչական շրջանում։ Ինչո՞ւ Նուբարաշենում․ որովհետև այնտեղ գործում էր միայն մեկ մանկապարտեզ»,- բացատրեց Խաչատրյանն ու ասաց, որ մանկապարտեզների գործող բաշխվածությունը ողջամիտ է։

Ինչու՞ են առաջանում հերթեր մանկապարտեզներում

Ինչպես նշեցինք, մանկապարտեզներում հերթերի ձևավորման հիմնական պատճառներից մեկը կորոնավիրուսի ժամանակ ընդունելության բացակայությունն է եղել։ Այս խնդիրը մատնանշում է մեկ այլ գործոն ևս, որն ազդել է երեխաների հերթերի մեծ քանակի վրա։ «Այս պահին Երևանում վերանորոգվում է 24 մանկապարտեզ, այսինքն՝ դրանց գործունեությունը դադարեցված է, ու հերթերի բեռնվածությունը առաջին հերթին պայմանավորված է հենց դրանով»,- բացատրում է քաղաքապետարանի պաշտոնյան։ Վերանորոգվող մանկապարտեզները հիմնականում գտնվում են Արաբկիր, Աջափնյակ, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջաններում։ Ինչո՞ւ է Երևանի մանկապարտեզների 15 տոկոսում միաժամանակ վերանորոգում ընթանում, եթե սա բերում է երեխաների հերթերի մեծացման։ Քաղաքապետարանի պաշտոնյան բացատրում է՝ մանկապարտեզների վերանորոգման դրույթը ներառված է Երևանի հնգամյա զարգացման ծրագրում, մոտակա երկու-երեք տարիներին մշտապես նվազագույնը 20 մանկապարտեզ վերանորոգման համար փակվելու է։

«Ինչ-որ մի կետից պետք է մենք այդ գործը անենք, դա մեզ է բաժին հասել, բայց երեք տարի անց ենթակառուվածքային խնդիրներ էլ չենք ունենա»,- նշեց Խաչատրյանը։

Երևանում երեխաների՝ դեպի մանկապարտեզ հոսքի էական գործոններից է նաև այն, որ մայրաքաղաքում նախադպրոցական հաստատություններում ուսուցումն անվճար է, ծախսերն իրականացնում է համայնքը։ Այլ համայնքներում մանկապարտեզի ֆինանսավորման հիմնական աղբյուրը երեխաների ծնողներից հավաքագրվող վճարն է։ «Թվերով արտահայտված՝ բնականաբար չեմ կարող նշել, թե քանի երեխա է մանկապարտեզ հաճախում անվճար լինելու պատճառով, բայց անշուշտ դա մեծ գործոն է՝ սոցիալական խնդիր է լուծում, որակյալ սնունդ ու ֆիզիկական պայմաններ կան և այլն»,- ասաց Խաչատրյանը։

2019-ի փետրվարին «Հետք»-ը գրել էր, որ անկախացումից ի վեր Երևանի կենտրոնում փակվել, ապա մասնավորեցվել է 14 մանկապարտեզ։ Դրանցից չորսի սեփականատեր հետագայում դարձել է Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, որոշ մանկապարեզներ էլ դարձել էին հյուրանոցային տարածքներ, մասնավոր տարածք և այլն։ Բեգլարյանին պատկանող, նախկինում որպես մանկապարտեզ ծառայած տարածքների հետ կապված այժմ կա իրավական գործընթաց։ Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան կարծում է, որ առկա մանկապարտեզների քանակը բավարար է կարիքների համար։ Շեշտում է՝ ընթացիկ վերանորոգումների ավարտից հետո մանկապարտեզների քանակը բավարար կլինի երեխաների հոսքին։ Երևանի մանկապարտեզների նախագծային հզորությունը կազմում է մոտ 30 000 երեխա։

Մարգարիտ Խաչատրյանը բացատրում է՝ վերանորոգվող մանկապարտեզները կրկին շահագործման հանձնելուց հետո մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը կմոտենա նախագծային հզորության առավելագույն թվին։ «Եթե մենք խնդիր դնենք հերթերն ամբողջությամբ վերացնելու, պիտի դադարեցնենք մանկապարտեզների շենքային պայմանների շարունակական բարելավումը, չենք կարող դա ստորադասել հերթերի խնդրին։

Ծնողները դժգոհ են

Երևանի Էրեբունի վարչական շրջանում բնակվող Նունե Վարդանյանը իր երեխային երկու տարեկանից հերթագրել է մանկապարտեզ հաճախելու համար։ Այժմ երեխան 4,5 տարեկան է, և միայն այս սեպտեմբերին են նրան տեղեկացրել, որ հնարավորություն կա ընդունելու երեխային: Վարդանյանը գանգատվեց՝ կարիքավոր ընտանիք են, ներառված են նպաստառուների ցանկում, երեխայի՝ մանկապարտեզ չհաճախելը այս ընթացքում խանգարել է իրեն աշխատել. «Ես միայնակ մայր եմ, երկար ժամանակ չէի կարողանում երեխայիս մանկապարտեզ ուղարկել, որ աշխատեմ։ Անցած տարի հույս ունեի, որ կկանչեն, բայց չկանչեցին։ Այժմ երեխան ընդունվել է Էրեբունիի 69 մանկապարտեզ, նորմալ հաճախում է»,- ասաց Վարդանյանը։ Պատասխանատուները Վարդանյանին պարզաբանել են, որ 2018-ին ծնված երեխաների թիվը մեծ է, գործում է մեկ խումբ, դրա համար էլ առաջացել է երեխաների ընդունելության խնդիր. «Մեզ առաջարկում էին դուրս գալ հերթագրումից, այլ մանկապարտեզի հերթում գրանցվել, որ միգուցե ավելի արագ լինի, բայց չարեցինք։ Իրենք ասում են, որ երեխաների թիվը մեծ է, խմբերը քիչ են, դրա համար էլ չի լինում հաճախել։ Էրեբունիի թաղապետարան դիմեցի, ասացին, որ սպասենք մեր հերթին։ Բալիկներին ստիպված տանում են մասնավոր, բայց ես գումար չունեի, որ տանեի մասնավոր, մենք նպաստառու ենք»,- նշեց Վարդանյանը։

Տաթև Օհանյանն իր 2,5 տարեկան որդուն մսուր խմբի համար գրանցել է Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում գտնվող թիվ 59 մանկապարտեզում, բայց տեղեկացել է, որ այնտեղ երեխայի ընդունելությունը կարող է կազմակերպել միայն եկող տարի, երբ երեխան արդեն կլինի 3,5 տարեկան. «Մեզ հիմնավորեցին այն փաստով, որ մսուրի խումբը 20 հոգանոց է ու առաջնահերթություններով պայմանավորված՝ տեղերը սպառված են»։ Օհանյանը նկատում է, որ եթե մանկապարտեզում գործեին երկու մսուր խմբեր, իր որդու ընդունելությունը հեշտ կկազմակերպվեր։ Առնվազն մեկ տարվա սպասումը ստիպել է Օհանյանին որդուն գրանցել մասնավոր մանկապարտեզում, ինչը, նրա բնութագրմամբ, «այդքան էլ ձեռնտու չէ». «Լավ կլիներ քաղաքապետարանը վերանայեր իր մոտեցումը, ավելացներ մանկապարտեզներ Երևանում կամ խմբերի քանակը ավելացներ։ Մասնավոր մանկապարտեզները սկսել են գերակշռել, ես նման բան եմ նկատել»։

Մասնավոր մանկապարտեզների ու այնտեղ հաճախող երեխաների թիվն աճում է

Համայնքային մանկապարտեզների հերթերը ստիպում են ծնողներին գնալ այլընտրանքային լուծումների, որոնցից առաջնայինը երեխաներին մասնավոր մանկապարտեզներում գրանցելն է։ Վերջին 11 տարիներին շարունակաբար ավելացել է մասնավոր նախադպրոցական հաստատությունների թիվը՝ 33-ից հասնելով 59-ի։ Նույն ժամանակահատվածում Երևանում մասնավոր մանկապարտեզներ հաճախող երեխաների թիվը աճել է մոտ 73 տոկոսով և ունեցել է այս տեսքը.

Մասնավոր մանկապարտեզ հաճախող տարբեր ծնողների հետ զրույցներից պարզ է դառնում, որ ամսական միջին վարձավճարը տատանվում է 70-80 հազար դրամի շրջանակում

Աշխատաշուկայի կենտրոնացվածությունը՝ մանկապարտեզներում հերթերի պատճառ

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Սաթենիկ Մկրտչյանը վերջին տարիներին զբաղվել է նախադպրոցական հաստատությունների խնդիրներով։ ՍիվիլՆեթի հետ զրույցում նա ի թիվս այլ գործոնների՝ շեշտում է աշխատաշուկայի դերը նախադպրոցական հաստատություններում երեխաների հերթերի գոյացման հարցում.

«Աշխատաշուկան ակտիվ է Երևանում, շատ հաճախ երեխաների երկու ծնողներն էլ աշխատում են, ու խնդիր է առաջանում երեխային տեղավորել մանկապարտեզում։ Աշխատաշուկայի կենտրոնացվածությամբ պայմանավորված՝ Երևանում մանկապարտեզներում երեխաներ տեղավորելու կարիքը ավելի մեծ է, ճիշտ է, մյուս համայնքներում էլ, բայց Երևանում այդ կարիքն ավելի սուր է»։

Նա ասում է՝ խորհրդային տարիներին պլանային տնտեսություն էր, դա ենթադրում էր նաև երեխաների թվին համապատասխան մանկապարտեզների ցանցի առկայություն, բայց անկախացումից հետո բազմաթիվ մանկապարտեզներ մասնավորեցվել են, դարձել առանձնատներ, գրասենյակներ, ինչն էլ բերել է բնակչության և մանկապարտեզների թվի անհամաչափության։ Մյուս գործոնը, ըստ Մկրտչյանի, այն է, որ նախադպրոցական կրթության համար անհրաժեշտ ֆինանսավորումը կատարվում է ոչ թե կառավարության, այլ համայնքների կողմից ու եթե անգամ մանկապարտեզային ենթակառուցվածքներ լինեն, դրանց պահպանումն ու մյուս ծախսերն իր վրա վերցնելու է համայնքը։

Անդրադառնալով մանկապարտեզների վերանորոգումների հարցին, Մկրտչյանը շեշտում է՝ մանկապարտեզների վերանորոգման կարիքը հրատապ է, իսկ այդ աշխատանքը կարող է տևել մեկ-երկու տարի՝ նախագծահաշվային փաստաթղթերից մինչև կահավորման փուլ. «Տասնամյակներով չվերանորոգված մանկապարտեզներ ունենք մայրաքաղաքում, եթե ուզում ես շատ մանկապարտեզ վերանորոգել ու արագ ավարտել, ամեն տարվա կտրվածքով պիտի ավելի շատ վերանորոգում անես։ Հասկանալով հանդերձ խնդիրները՝ ուզում եմ ասել, որ մեծ թվով վերանորոգումները առաջացել են կարիքից»։ Ավագանու անդամը կանխատեսում է, որ վերանորոգումներից հետո հերթերի խնդրի սրությունը կարող է նվազել։ Սաթենիկ Մկրտչյանը մանկապարտեզների հետ կապված խնդիրը ուղիղ կապում է նաև Երևանի քաղաքաշինական պլանավորման հետ ու բացատրում.

«Երևանի արվարձաններում, փաստացի, մենք ունենք ամբողջական թաղամասեր, ու այդ թաղամասերի համար մասնավորը հանրային ծառայությունների մասին շատ չի մտածում։ Այդ թաղամասերի շենքերում մանկապարտեզների հարցը առաջնային է, բայց կառուցապատողի առաջ նման պահանջներ դնելու լծակ, իմ կարծիքով, համայնքը չունի, կան կանաչապատման, հեռավորության հետ կապված նորմեր, կրթական հաստատությունների հետ կապված նորմեր չկան։ Լավագույն դեպքում կարելի է բանակցային ու համագործակցային աշխատել կառուցապատողի հետ»։

Մկրտչյանը կարծում է, որ կարիք կա թաղամասերի կառուցապատման նորմերում ներառել նաև կրթական հաստատության առկայության մասին կարգավորում։ Նա բերում է Երևանի Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուր թաղամասի օրինակը, երբ կառուցվել են մի քանի տասնյակ բարձրահարկեր, բայց համայնքային դպրոց կամ մանկապարտեզ կառուցել չի նախատեսվել, որը հանգեցրել է բողոքի այլիքի բնակիչների շրջանում։ Այդ տարածքում, սակայն կառուցվել է մասնավոր մանկապարտեզ և դպրոց, որի վարձավճարները, մեղմ ասած, մատչելի չեն։

Հոդվածը պատրաստվել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ։ Հոդվածում տեղ գտած կարծիքներն ու մոտեցումները պատկանում են դրանց հեղինարկներին, և կարող են չհամընկնել Հիմնադրամի պաշտոնական կարծիքի հետ:

Մեկնաբանել