Մակրոնը Ռուսաստանին մեղադրել է Հայաստանի և Ադրբեջանի բախումները հրահրելու մեջ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանին մեղադրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին բախումները միտումնավոր հրահրելու մեջ՝ որպես Կովկասի տարածաշրջանում և դրանից դուրս ապակայունացման ջանքերի մաս։

Չորեքշաբթի France 2 հեռուստատեսության հետ զրույցում Մակրոնն ասել է, որ Մոսկվան վերջին ամիսներին լարվածություն է բորբոքել հօգուտ Ադրբեջանի, հաղորդում է Reuters-ը։

«Այն, ինչ կատարվում էր սահմանին վերջին երկու տարիներին… 5000 ռուս զինվոր այնտեղ են, որպեսզի իբր երաշխավորեն սահմանը, (բայց) ռուսներն օգտագործեցին դարավոր այս հակամարտությունը և խաղացին Ադրբեջանի՝ թուրքական մեղսակցությամբ խաղը և վերադարձան թուլացնելու Հայաստանը, որը ժամանակին իրենց մերձավոր երկիր էր»,- ասել է Մակրոնը։

«Տեսնու՞մ եք՝ ինչ է կատարվում։ Դա Ռուսաստանի կողմից ապակայունացման փորձ է։ Նա ցանկանում է անկայունություն ստեղծել Կովկասում՝ մեզ բոլորիս ապակայունացնելու համար»:

Reuters-ը ներկայացնում է նաև իրավիճակի խորապատկերը․

«Երկու նախկին խորհրդային հանրապետությունների միջև 2020-ից ի վեր ամենասարսափելի մարտերը բռնկվեցին սեպտեմբերի վերջին, ինչի հետևանքով զոհվեց ավելի քան 200 մարդ։ Մարտերը կապված են տասնամյակներ շարունակվող մարտական գործողությունների հետ՝ Լեռնային Ղարաբաղի շրջանի վերահսկողության համար, որը միջազգայնորեն ճանաչված է որպես Ադրբեջանի մաս, բայց մինչև 2020-ը հիմնականում վերահսկվում էր էթնիկ հայ բնակչության մեծամասնության կողմից: Մոսկվան, որը պաշտպանական պայմանագիր ունի Հայաստանի հետ և այնտեղ տեղակայված ռազմաբազա, 2020-ի հրադադարից հետո հազարավոր խաղաղապահներ է տեղակայել տարածաշրջանում։

Դա վերահաստատել է ոստիկանի և գլխավոր ուժային միջնորդի նրա դերը նախկին Խորհրդային Միության անկայուն այս հատվածում, որտեղ Թուրքիան նույնպես աճող ազդեցություն ունի Ադրբեջանի հետ իր սերտ դաշինքի շնորհիվ»:

Մեկնաբանել