«Հայաստանն ակնկալում է դաշնակից ՌԴ-ի աջակցությունը ադրբեջանական ուժերը ՀՀ տարածքից դուրս բերելու հարցում»

Հոկտեմբերի 12-ին Աստանայում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Հանդիպմանն անդրադարձել է եղել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի։ Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման աշխատանքների վերաբերյալ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերի շուրջ։

Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը վերահաստատել են 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռքբերված պայմանավորվածությունների կյանքի կոչման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում ընդգծվել է սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների, ինչպես նաև տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքների կարևորությունը։

Ըստ հաղորդագրության՝ առանձնահատուկ շեշտվել է Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինված ուժերի անհապաղ դուրսբերման և հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը, անդրադարձ է կատարվել սահմանային իրավիճակի մշտադիտարկման և վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրման հետ կապված խնդիրներին։

«Նախարար Միրզոյանը շեշտել է, որ հայկական կողմն ակնկալում է Ռուսաստանի՝ որպես ռազմավարական դաշնակցի, միանշանակ դիրքորոշումը և աջակցությունը՝ ադրբեջանական զինված ուժերը ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս բերելու հարցում: Հումանիտար խնդիրների կարգավորման համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց շուտափույթ հայրենադարձման հրամայականը: Հայկական կողմը կարևորել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ իրականացված արտադատական սպանությունների, խոշտանգումների և այլ պատերազմական հանցագործությունների մեղավորների ու կազմակերպիչների պատասխանատվության ենթարկումը»,- հայտնում են ԱԳՆ-ից։

Մեկնաբանել