Ղրիմի կամրջի պայթեցման գործում հիշատակվող հայկական ընկերության հետքերով

Ղրիմի կամրջի պայթեցման գործում հիշատակվող հայկական ընկերության հետքերով

Անի Գրիգորյան, #CivilNetCheck

Ղրիմի կամրջի պայթեման գործով Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը հոկտեմբերի 12-ին մանրամասներ է հրապարակել՝ նշելով նաև Հայաստանում գրանցված «Գու Ար Ջի Գրուպ» ՍՊԸ-ի անունը։

«2022-ի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը Երևանում, «Տրանսալիաս» տերմինալում բեռը մաքսազերծվել է ԵԱՏՄ-ի կանոններով, և փաստաթղթերը փոխարինվել են, ինչից հետո այն արդեն «Գու Ար Ջի Գրուպ» ՍՊԸ-ն (ՀՀ, քաղաք Ալավերդի) ուղարկել է Ռուսաստան, Իսկ ստացողը եղել է «Լիդեր» ՍՊԸ (Մոսկվա)»,- նշված էր ծառայության հայտարարության մեջ։

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը փորձեց գնալ այս ընկերության հետքերով։

Ըստ պետական ռեգիստրի՝ «Գու Ար Ջի Գրուպ» ՍՊԸ-ն հիմնվել է 2021-ի նոյեմբերի 4-ին։ Ընկերության 100 տոկոս բաժնետերն ու գործադիր տնօրենը Գուրգեն Գևորգի Շլեպչյանն է։

Ընկերությունը գրանցված է Շլեպչյանի բնակության հասցեում՝ Ալավերդու Ջրավազան փողոցի բազմաբնակարան շենքում։

Որպես «Գու Ար Ջի Գրուպ» ՍՊԸ-ի գործունեության տեսակ նշված է թարմ մրգերի և բանջարեղենի մեծածախ առևտուր։

1000 խոշոր հարկ վճարողների ցանկում այս ընկերությունը 2022-ի առաջին կիսամյակում եղել է 798-րդը՝ վճարելով մոտ 150 մլն դրամ հարկ։ Վճարների մեծ մասը մաքսատուրք է։

Շլեպչյանը բնակվում է Վրաստանում

ՍիվիլՆեթի Ալավերդիի թղթակիցն այցելեց Գուրգեն Գևորգի Շլեպչյանի բնակության հասցե։ Պարզվեց՝ բնակարանը ներկայում վարձակալության է տրված երկու ռուսաստանցու։

Հարևանները հայտնեցին, որ Շլեպչյանը բնակվում է Վրաստանի Շահումյան գյուղում։ Նույն հասցեում է գրանցված նաև Շլեպչյանի քույրը՝ Վարդուշիկ Շլեպչյանը։ Վերջինս աշխատում է Ալավերդու դեղատներից մեկում, որտեղից ՍիվիլՆեթին հայտնեցին, որ նա կեսօրին ամուսնու հետ շտապ ուղևորվել է Վրաստան։

Նշենք, որ հոկտեմբերի 12-ին Պետական եկամուտների կոմիտեն հանդես էր եկել պարզաբանմամբ՝ անդրադառնալով Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության հայտարարությանը և ներկայացրել մանրամասներ Հայաստանում տվյալ բեռնատարի ստուգման գործընթացի վերաբերյալ։

«Այսպիսով, վերը նշված բեռի Հայաստանի Հանրապետության մուտքի, մաքսային հսկողության, ռենտգեն զննման, մաքսազերծման, փաստաթղթային ձևակերպման, արտահանման գործընթացները տեղի են ունեցել պատշաճ և օրինական կերպով, բեռի ֆիզիկական ՀՀ մուտքի և ՀՀ-ից ելքի ժամանակ իրականացված ռենտգեն զննության ընթացքում որևէ ռիսկային գործոն չի հայտնաբերվել»,- ասվում է ՊԵԿ պարզաբանման մեջ։