Պայմանագրային զինծառայողների աշխատավարձն ատեստավորում անցնելուց հետո բարձրանալու է

Պաշտպանության նախարարությունն օրենսդրական փաթեթ է մշակել, ըստ որի, մարտական գործողություններին, պլանավորմանը անմիջական մասնակցած պայմանագրային զինծառայողները, որ ունեն սպայական ու ենթասպայական կոչում, ատեստավորում անցնելուց հետո կստանան հավելավճարներ։ Համապատասխան օրենսդրական փաթեթը կառավարությունը հավանության արժանացրեց հոկտեմբերի 13-ին։

Ատեստավորումը լինելու է կամավոր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ խոսքը պայմանագրային զինծառայողների աշխատավարձը կրկնապատկելու մասին է. «Հուսով ենք օրենքը շուտ կմտնի ուժի մեջ, դրանից հետո կսկսվի կամավոր ատեստավորումը ու զինծառայողը կստանա աշխատավարձի կրկնապատկում կամ նույնիսկ ավելին։ Մենք հայտարարել ենք, որ անցում ենք կատարելու պրոֆեսիոնալ բանակի»,- հայտարարեց Փաշինյանը։ Նա ասաց, որ զինծառայողների ատեստավորման գործընթացը նման է լինելու ուսուցիչների ատեստավորման գործընթացին և այս օրենսդրական փաթեթը ԶՈւ բարեփոխումների շրջանակում է։

Ատեստավորման չափանիշները սահմանվելու են պաշտպանության նախարարության կողմից։ Ինչպես բացատրեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, այդ չափանիշները լինելու են «նոր բանակի էությունը»։ Նախատեսվում է, որ պայմանագրային զինծառայողը հնարավորություն է ունենալու տարվա մեջ երկու անգամ դիմել ատեստավորման, բայց այն զինծառայողները, ովքեր ատեստավորման փուլը չեն հաղթահարի, դուրս կմնան զինված ուժերից իրենց պայմանագրի ժամկետի ավարտից հետո։