«Աջափնյակ» մետրոյի կայարանի շինարարությունը կարող է սկսվել 2024-ին

Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման նախագիծը պատրաստ կլինի 2023-ի վերջին, իսկ շինարարությունը կարող է սկսվել 2024-ի ընթացքում։ Կառավարության նիստում այդ մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասաց, որ նախագծման առաջին փուլն ավարտվել է, հոկտեմբերին 545 միլիոն դրամ կհատկացվի այդ փուլի համար։ Առաջին փուլում ռուսական «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը, որն իրականացնում էր նախագիծը, իրականացրել է երկրաբանական, բնապահպանական ուսումնասիրություններ։ Մետրոյի նոր կայարանի նախագծի արժեքը կազմում է ավելի քան 1,8 միլիարդ դրամ։

«Աջափնյակ» մետրոյի կայարանի նախագծման մրցույթը մեկնարկել ու ավարտվել էր նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի օրոք։ Մինչ «Իմ քայլ»-ը ավագանու խմբակցության կողմից իմպիչմենտի ենթարկվելը, Մարությանը նաև հասցրել էր «Մետրոգիպրոտրանս»-ի ներկայացուցիչների հետ քննարկում անցկացնել ու նրանց փոխանցել նախագծի ստորագրված պայմանագիրը։