Պայմանավորվածություն կա մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքելու և սահմանազատում անելու շուրջ․ ԱԽ քարտուղար

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Առաջին ալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ սեպտեմբերի 27-ին Սպիտակ Տանը Ադրբեջանի նախագահի օգնականի հետ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքել և սահմանազատում իրականացնել։

«Քննարկել ենք խաղաղության պայմանագրի գնալու ժամանակացույցը, այսինքն, մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր ունենալ, ինչպես նաև դելիմիտացիայի հարցը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչև տարեվերջ դելիմիտացիա է տեղի ունենալու։ Այսինքն, դելիմիտացիան և խաղաղության պայմանագիրը փոխկապակցված են»,- ասել է նա։

Արմեն Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանը մտահոգություն ունի, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագրից հետո «չդելիմիտացված» սահմանի պատրվակը կարող է օգտագործել Հայաստանի վրա հարձակվելու համար․ «1929 թ. դելիմիտացիայի գործընթաց եղել է, Հայաստանի և Ադրբեջանի սահմանի դելիմիտացիա է եղել։ Մնում է, որ փոխադարձ համաձայնության գանք, որ դա ընդունում ենք որպես հիմք, ապահովագրենք Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքը և առաջ շարժվենք»,- նշել է ԱԽ քարտուղարը։

Գրիգորյանի հայտնել է, որ խաղաղության պայմանագրի և սահմանազատման հարցերից բացի, քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը․ «ԼՂ հիմնախնդրի մասով հիմնական օրակարգային խնդիրը եղել է, թե ինչպես մենք կարող ենք միջազգային մեխանիզմ ստեղծել, որպեսզի Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը քննարկեն ԼՂ-ում ապրող հայերի անվտնագությունը և իրավունքները»,- ասել է նա։

***

Սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ Տանը տեղի էր ունեցել Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը։

Մեկնաբանել