Եռամսյա վարժական հավաքները կփոխարինվեն 25-օրյա հավաքներով

Հայաստանում պահեստազորի եռամսյա հավաքները վերանալու են, դրանք փոխարինվելու են 25-օրյա հավաքներով։ Կառավարության հոկտեմբերի 13-ի նիստում այդ մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եռամսյա հավաքները խնդրահարույց է, խնդիրներ են առաջանում, մարդիկ աշխատում են ու որոշեցինք շեշտը դնել նրա վրա, որ հավաքների հրավիրենք մարդկանց, որ աշխատանք չունեն ու սա նաև ինչ-որ առումով սոցիալական նշանակություն ուներ, որովհետև հավաքի մասնակիցները նաև աշխատավարձ են ստանում։ Բայց հետո եկանք եզրակացության, որ դա այդքան էլ արդյունավետ չէ ու պետք է հավաքները դարձնել մեկամսյա ու բոլորի համար»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այդ ժամկետը կառավարելի է ու բոլորի համար 25-օրյա հավաքը կլինի պարտադիր։

Կառավարության հաջորդ նիստում կարող է սահմանվել 25-օրյա հավաքների կարգը։