Կիրականացվի Սևանա լճում իշխանի բազմացման ծրագիր

Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայության` ԲՆ-ում նախարարի առաջին տեղակալ Ս. Պապյանի մոտ այսօր տեղի է ունեցել հերթական քննարկումը՝ նվիրված Սևանա լճում իշխանի բազմացման պիլոտային ծրագրի իրականացման ընթացքին: Պիլոտային ծրագրի քննարկմանը մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության, «Էկոմոնիթորինգ» ՊՈԱԿ-ի, «Սևան» ազգային պարկի համապատասխան մասնագետներ, ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ձկնաբանության ինստիտուտի, «Էմի ֆրութ» ընկերության ներկայացուցիչներ:

Խորհրդակցության ժամանակ «Էմի ֆրութ» ընկերության տնօրենը ներկայացրել է իրականացրած և նախատեսվող աշխատանքները, հատուկ ուշադրություն դարձվեց ծրագրում օգտագործվելիք կերի որակի և բաղադրության վրա, ինչպես նաև ծրագրի իրականացման ընթացքում մշտադիտարկման, մոնիթորինգի հարցերին: «Էմի ֆրութ» ընկերության տնօրենը տեղեկացրեց, որ համագործակցում են դանիական «ԷնՍԻ քոնսալթինգ» ընկերության հետ, և այս ծրագրի շրջանակներում տրամադրված խորհրդատվության հիման վրա որպես ձկան կերի մատակարար ընտրվել է դանիական «ԲիոՄար» ընկերությունը:

«ԲիոՄար»-ը հիմնադրվել է Դանիայում 1962թ.-ին, ներկայում այն բարձր արդյունավետությամբ ձկան կեր մատակարարող առաջատար ընկերություններից է: «ԲիոՄար» խումբը կերեր է վաճառում աշխարհի 60 երկրում ավելի քան 25 տեսակի ձկների համար: Խումբը արտադրում է հատուկ սերտիֆիկացված կերեր օրգանական ձկան արտադրության համար: Տարեկան ԲիոՄար խումբը արտադրում է ավելի քան 710000տ ձկան կեր:

ԲիոՄար խմբի արտադրանքը համապատասխանում է ISO 9001:2008, ISO 22000:2005, GLOBAL G.A.P միջազգային ստանդարտներին և ունի համապատասխան սերտիֆիկատներ:

Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների վերականգնման պիլոտային ծրագրի շրջանակներում նախատեսվում է օգտագործել EFICO ENVIRO 975 կամ 920 մակնիշի ձկան կեր: Այս կերերը կազմված են բարձրորակ կոմպոնենտներից, ինչը հնարավորություն է տալիս լավագույնս բավարարել ձկների սննդային պահանջները՝ միևնույն ժամանակ նվազագույնի հասցնելով շրջակա միջավայրի վրա ազդեցությունը: Կերի կազմի օպտիմալացման միջոցով ընկերությանը հաջողվել է նվազեցնել նրանում ազոտի և ֆոսֆորի պարունակությունը՝ այդպիսով ապահովելով ջրի նվազագույն աղտոտում այդ նյութերով:

«Էմի ֆրութ» ընկերությունը պատրաստ է ձկան կերից տրամադրել այն կազմակերպություններին, որոնք կցանկանան իրականացնել կերի որակի և բաղադրության լաբորատոր հետազոտություն:

ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ պարոն Պապյանը նշել է, որ այս ծրագիրը փորձնական է (պիլոտային) և առաջին հերթին ուղղված է Սևանա լճում էնդեմիկ տեսակների վերարտադրման ապահովմանը: Մշտական իրականացվող մոնիթորինգի շնորհիվ՝ պիլոտային ծրագրի ավարտին կգնահատվեն հնարավոր դրական և բացասական ազդեցությունները Սևանա լճի էկոհամակարգի վրա, որը թույլ կտա որոշում կայացնել հետագա քայլերի վերաբերյալ՝ առաջնորդվելով «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքում ամրագրված պահանջներով:


Մեկնաբանել