Հայաստանի ԱԱԾ-ն քրեական վարույթ է նախաձեռնել Ղրիմի կամրջի պայթեցման գործով

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությանում նախաձեռնվել է քրեական վարույթ միջազգային ահաբեկչությանն օժանդակելու, ԵԱՏՄ սահմանով պայթուցիկ նյութերի մաքսանենգություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու առերևույթ դեպքերի կապակցությամբ։

ԱԱԾ՝ հղում անելով լրատվամիջոցներում հրապարակված տեղեկություններին, նշում է, որ հոկտեմբերի 8-ին Ղրիմի կարմրջի վրա տեղի ունեցած ահաբեկչական գործողության կատարման նպատակով օգտագործված պայթուցիկ նյութերը քողարկված են եղել ՀՀ քաղաքացու կողմից վարած բեռնատարի մեջ, որը մինչ այդ արտերկրից մուտք է գործել ՀՀ, այնուհետ՝ ուղևորվել Ռուսաստանն:

«Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, դեպքի իրական հանգամանքները պարզելու նպատակով իրավական գործիքակազմի հնարավոր բոլոր միջոցների օգտագործմամբ իրականացվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումներ, որոնց արդյունքների մասին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, ըստ անհրաժեշտության, համապատասխան տեղեկություններ կտրամադրի հանրությանը»,- ասված է հաղորդագրությունում։

***

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) հայտնում է, որ բացահայտել է Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպչին և այդ գործում ներգրավված այլ անձանց, որոնց թվում կա ՀՀ քաղաքացի:

Հետաքննությունը պարզել է, որ պայթուցիկ սարքը օգոստոսի սկզբին Օդեսայի ծովային նավահանգստից ուղարկվել է Բուլղարիա, այնուհետև տեղափոխվել Վրաստան, ապա` Հայաստան։

«2022-ի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը Երևանում, «Տրանսալիաս» տերմինալում բեռը մաքսազերծվել է ԵԱՏՄ-ի կանոններով և փաստաթղթերը փոխարինվել են, որից հետո այն արդեն «Գու Ար Զի Գրուպ» ՍՊԸ-ն (ՀՀ, քաղաք Ալավերդի) ուղարկել է Ռուսաստան, Իսկ ստացողը եղել է «Լիդեր» ՍՊԸ (Մոսկվա)», – ասված է ԱԴԾ հաղորդագրության մեջ։

Հոկտեմբերի 7-ին կրկին փոխվել են բեռի փաստաթղթերը, որը բարձվել է Սիմֆերոպոլ մեկնող ՌԴ քաղաքացի, 1971 թվականին ծնված Մախիր Յուսուբովի բեռնատարը, իսկ հոկտեմբերի 8-ին՝ ժամը 06:03-ին, այն պայթում է Ղրիմի կամրջի վրա։

Նշենք, որ Հայաստանի գլխավոր դատախազությունն հայտարարել էր, որ ՌԴ ԱԴԾ տեղեկությունները հասցեագրել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու հանձնարարությամբ։

Մեկնաբանել