Մոսկվան արձագանքել է Մակրոնի՝ իրեն մեղսագրվող հայտարարությանը  

Մոսկվան անընդունելի է համարում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները Բաքվի և Երևանի միջև հակամարտությունում Ռուսաստանի դերի մասին, Արևմուտքը փորձում է Ուկրաինայից առճակատման տրամաբանությունը տեղափոխել հետխորհրդային տարածքի այլ հատվածներ․ այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի տարածած մեկնաբանությունում։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանին մեղադրել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին բախումները միտումնավոր հրահրելու մեջ՝ որպես Կովկասի տարածաշրջանում և դրանից դուրս ապակայունացման ջանքերի մաս։ Չորեքշաբթի France 2 հեռուստատեսության հետ զրույցում Մակրոնն ասել էր, որ Մոսկվան վերջին ամիսներին լարվածություն է բորբոքել հօգուտ Ադրբեջանի։

Արձագանքելով Մակրոնի հայտարարությանը՝ Մարիա Զախարովան նշել է․

«Մենք կոպտագույն և բացարձակապես անընդունելի ենք համարում Էմանուել Մակրոնի հայտարարությունները, թե իբր Ռուսաստանը օգտագործում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Հարավային Կովկասն ապակայունացնելու համար: Նման հերյուրանքները համահունչ են Ռուսաստանին սատանայացնելու Արևմուտքի հակառուսական գծին և վկայում են առճակատման տրամաբանությունն Ուկրաինայից դեպի հետխորհրդային տարածքի այլ հատվածներ, այդ թվում՝ Հարավային Կովկաս տեղափոխման փորձերի մասին»։

«Ֆրանսիայի նախագահի անհեթեթ հերյուրանքները խոսում են տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու Փարիզի շահագրգռվածության բացակայության մասին և կասկածի տակ են դնում այնտեղ կառուցողական դեր խաղալու նրա երկրի կարողությունը»,- ասել է Զախարովան։

ՌԴ դիվանագիտական ​​գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ «ի տարբերություն Ֆրանսիայի, որը նույնիսկ Բաքվի և Երևանի միջև սրման ժամանակաշրջանում սահմանափակվում էր խաղաղության ստանդարտ կոչերով, Ռուսաստանը գործնական առումով նպաստել է հակամարտության կարգավորմանը»։

«Փարիզի փորձերը սեպ խրելու Ռուսաստանին մերձավոր երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ հարաբերություններում, որոնց հետ Ռուսաստանը միավորված է երկարաժամկետ և բազմակողմ կապերով, դատապարտված են ձախողման և միայն կհանգեցնեն Ֆրանսիայի հեղինակության հետագա արժեզրկմանը տարածաշրջանում»,- ասել է Զախարովան:

Մեկնաբանել