ԵԽԽՎ համազեկուցողները բարձրաձայնում են Ադրբեջանի ենթադրյալ պատերազմական հանցագործությունների մասին

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի հարցով համազեկուցողները մտահոգություն են հայտնել Ադրբեջանի զինված ուժերի կողմից ենթադրյալ պատերազմական հանցագործությունների կամ անմարդկային վերաբերմունքի մասին հաղորդումների վերաբերյալ։

«Մենք անհանգստացած ենք Ադրբեջանի զինված ուժերի կողմից ենթադրյալ ռազմական հանցագործությունների կամ անմարդկային վերաբերմունքի մասին բազմաթիվ հաղորդումներով»,- ասել են Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) և Բորիանա Աբերգը (Շվեդիա), որոնք ԵԽԽՎ Հայաստանի պարտավորությունների և հանձնառությունների մոնիտորինգի համազեկուցողներն են։

«Մենք նշում ենք, որ Ադրբեջանի զինվորական դատախազությունը որոշել է հետաքննել փաստերը և հույս ունենք, որ այդ հետաքննությունները կլինեն հրապարակային և թափանցիկ։ Մինչ երկու կողմերը միմյանց մեղադրում են ռազմական գործողությունների վերսկսման համար, ադրբեջանական զինուժը օկուպացնում է Հայաստանի տարածքը՝ խախտելով Հայաստանի տարածքային ինքնիշխանությունը և Եվորպայի խորհրդի կանոնադրությամբ հակամարտությունները խաղաղ ճանապարհով կարգավորելու Ադրբեջանի պարտավորությունը»,- հավելել են համազեկուցողները։

«Ուստի մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ հետ քաշվել Հայաստանի տարածքի բոլոր հատվածներից և ազատ արձակել իրենց վերահսկողության տակ գտնվող ռազմագերիներին։ Միայն դիվանագիտական ​​միջոցները արդար և տևական պատասխան կտան հակամարտությանը, որը օգուտ կբերի երկու պետությունների բնակչությանը»,- եզրափակել են նրանք։

Մեկնաբանել