Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելի հետ քննարկել է ԵՄ քաղաքացիական առաքելության լիազորությունները

արարատ միրզոյան-ժոզեպ բորել

Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելի հետ քննարկել է ԵՄ քաղաքացիական առաքելության լիազորությունները

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ քննարկել է ԵՄ քաղաքացիական առաքելության լիազորությունները:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, հոկտեմբերի 14-ին Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բորելի հետ, որի ընթացքում քննարկել է Պրահայում ձեռքբերված պայմանավորվածության համաձայն իրականացվելիք ԵՄ քաղաքացիական առաքելության լիազորություններին, գործունեությանը և տեղակայմանը վերաբերող հարցեր:

ԵՄ առաքելության առաջին խումբը արդեն ժամանել է Երևան, որի մասին ավելի վաղ հայտնել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

«Եվրամիության անդամ 27 երկրներն արագ են գործել՝ արձագանքելու Հայաստանի խնդրանքին։ Եվրամիության առաքելության տեղակայման նպատակն է դիտարկել իրավիճակը և աջակցել հայ – ադրբեջանական հարաբերությունների կայունացմանը», – գրել է Կլաարը:

Հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությամբ Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնել է համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա:

Երևանն ու Բաքուն նաև հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:

Մեկնաբանել