Փաշինյանն Աստանայում հարցեր է ուղղել ԱՊՀ-ին ու ՀԱՊԿ-ին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 14-ին Աստանայում՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստում, հայտնել է Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին` կարևորելով այս համատեքստում ԱՊՀ դերի կարևորությունը:

«Կարգավորման գործընթացում կարևոր է սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովների աշխատանքը, որոնց ձևավորման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2021 թվականի նոյեմբերի 26-ին` Սոչիում կայացած Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի եռակողմ հանդիպման ժամանակ», – ասել է Փաշինյանն ու հիշեցրել, որ Պրահայում հոկտեմբերի 6-ին Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահի հետ իր հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ սահմանազատման գործընթացում հիմնվելու ենք ԱՊՀ հիմնարար փաստաթղթերի վրա:

Հարցեր` ՀԱՊԿ-ին ու ԱՊՀ-ին

Ըստ այդ փաստաթղթերի, նշել է Փաշինյանը, խորհրդային հանրապետությունների նախկին վարչական սահմանները դարձել են արդեն անկախ երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմաններ։ «Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ վերոնշյալը կարևոր գործոն է նաև մեր այսօրվա օրակարգի տեսանկյունից, քանի որ մենք քննարկում ենք նաև ԱՊՀ-ի՝ ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու մասին դիմումի հարցը», – նշել է նա։

Որոշում կայացնելուց առաջ նա կարևոր է համարել կողմնորոշվել հետևյալ հարցերի շուրջ: «Արդյոք ՀԱՊԿ-ը ճանաչո՞ւմ է 1991 թ. հաստատված ԱՊՀ երկրների պետական սահմանները որպես ԱՊՀ հիմնարար փաստաթղթեր։ Սա կարևոր հարց է, քանի որ խոսքը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու և, թույլ տվեք ասել, հենց կազմակերպության ֆունկցիոնալության մասին է։ Եթե հիմնվենք մեկնաբանությունների վրա, ըստ որոնց՝ ԱՊՀ երկրների միջև սահմաններ գոյություն չունեն, քանի որ այդ սահմանները սահմանազատված չեն, դա նշանակում է, որ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին որոշված չէ, այսինքն՝ այն գոյություն չունի։ Իսկ դա լղոզում է ՀԱՊԿ-ի ֆունկցիոնալությունը», – ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։

Ըստ Փաշինյանի` շատ կարևոր է նաև հստակ պատասխան տալ հետևյալ հարցին՝ արդյոք ԱՊՀ անդամ երկրները ճանաչո՞ւմ են միմյանց միջև 1991 թ. հաստատված սահմանները որպես ԱՊՀ հիմնարար փաստաթղթեր։ Այս հարցի դրական պատասխանը նա կարևորում է ԱՊՀ տարածքում կայունության և անվտանգության համար։ «Առանց այս հարցերի հստակ պարզաբանման՝ ես վաղաժամ եմ համարում ԱՊՀ-ի՝ ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու դիմումի վերաբերյալ որոշման կայացումը։ Այս հարցերը մեզ համար առանձնահատուկ սրություն են ձեռք բերել Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիայի պատճառով», – ասել է Հայաստանի վարչապետը։

Այնուհետև նա հիշեցրել է սեպտեմբերի 13-14-ի Հայաստանի դեմ ոչնչով չհրահրված Ադրբեջանի ռազմական ագրեսիայի մասին։

«Օգտագործելով ծանր հրետանի, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և մարտական անօդաչու թռչող սարքեր՝ ադրբեջանական զինուժը գնդակոծել է Հայաստանի ինքնիշխան տարածքի 36 բնակավայր և համայնք, այդ թվում՝ Գորիս, Ջերմուկ, Վարդենիս, Կապան քաղաքները, Գեղամասար բնակավայրը։ Ցանկանում եմ հստակ նշել, որ սա ոչ թե սահմանային ընդհարում կամ բախում էր, այլ՝ ուղղակի, անհերքելի հարձակում Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։

Ադրբեջանի այս ագրեսիան քննարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որի անդամների մեծամասնությունը դատապարտել է Ադրբեջանի անօրինական ռազմական գործողությունները։ Ագրեսիան դատապարտվել է նաև միջազգային հանրության կողմից։

«Ադրբեջանական հարձակումը խաղաղ բնակչության դեմ»

Ադրբեջանական հարձակումը միտումնավոր ուղղված է եղել խաղաղ բնակչության և կենսական կարևորություն ունեցող քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ։ Հայաստանի Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերից ժամանակավոր տեղահանվածների ընդհանուր թիվը կազմել է ավելի քան 7600 մարդ՝ հիմնականում կանայք և ծերեր, ինչպես նաև 1437 երեխա և 99 հաշմանդամ», – տեղեկացրել է ԱՊՀ գործընկերներին, այդ թվում Ադրբեջանի նախագահին, Հայաստանի վարչապետը։

Ադրբեջանական կողմը, նշել է Նիկոլ Փաշինյանը, տարածել է խոշտանգումների, գերեվարված անձանց կամ արդեն մահացած զինվորականների մարմինների խեղման շոկային տեսանյութեր, հայ ռազմագերիների նկատմամբ արտադատական հաշվեհարդարի և դաժան վերաբերմունքի բազմաթիվ դեպքեր, սպանությունների, ինչպես նաև մահացածների մարմինների նկատմամբ նվաստացնող վերաբերմունք:

«Հայ կին զինծառայողների մարմինները խեղվել են առանձնակի դաժանությամբ, ապա «հպարտությամբ» նկարահանվել ադրբեջանցի զինվորների կողմից։ Այս ակնհայտ պատերազմական և մարդկության դեմ հանցագործությունների տեսանյութերը տարածվում են և արժանանում սոցցանցերի մի շարք ադրբեջանցի օգտատերերի բարձր գնահատականին», – ասել է Հայաստանի կառավարության ղեկավարը:

Նա կասկածից վեր է համարում այն, որ նման «աննկարագրելի վայրագությունների իրականացումը քաղաքական ղեկավարության կողմից ադրբեջանական հասարակության մեջ հայատյացություն և թշնամանք սերմանելու երկարամյա քաղաքականության ուղղակի հետևանքն է»։

«Այս հարձակումից հետո պաշտոնական Բաքվի և այլ ադրբեջանական աղբյուրների հռետորաբանությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը Հայաստանի ավելի շատ տարածքներ գրավելու մտադրություններ ունի, ինչը պետք է կանխել։

Ցանկանում եմ ընդգծել, որ Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է շատ բարձր՝ հատկապես հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը շարունակում է հետևողականորեն խախտել հրադադարի ռեժիմը՝ փորձելով իրենց սադրիչ գործողությունները վերագրել հայկական կողմին։ Հետագա էսկալացիայի ևս մեկ գործոն կարող է լինել անվտանգության տարածաշրջանային կազմակերպությունների կողմից՝ ստեղծված իրավիճակին ոչ ադեկվատ արձագանքը, ինչը շատ սուր հարցադրումներ է առաջացրել հայ հասարակության մեջ», – ասել է նա։

Մեկնաբանել