Իսլամական համագործակցության կազմակերպությունը դադարեցրել է Սիրիայի անդամակցությունը

Իսլամական համագործակցության կազմակերպությունը (ԻՀԿ) դադարեցրել է Սիրիայի անդամակցությունը։ Այս մասին ասված է կազմակերպության անդամ երկրների ղեկավարների՝ օգոստոսի 14-15-ին Մեքքայում կայացած գագաթաժողովի ամփոփիչ կոմյունիկեում։ Նշվում է, որ այս որոշումն ընդունվել է բռնության ալիքի պատճառով, որը երկրում հեղափոխության ճնշման համար կազմակերպել է նախագահ Բաշար ալ Ասադը, հաղորդում է Reuters-ը։

«Միջոցառման մասնակիցների որոշմամբ՝ Սիրիայի անդամակցությունը ԻՀԿ-ին դադարեցվել է։ Նաև դադարեցվել է նրա բոլոր դուստր մարմինների ու ինստիտուտների մասնակցությունը»,- ասված է կոմյունիկեում։

Reuters-ը նշում է, որ ԻՀԿ անդամ երկրների ղեկավարները չեն պաշտպանել Սիրիայում տիրող իրադրությանը արտաքին ուժային միջամտության գաղափարը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ այս կազմակերպությանը Սիրիայի անդամակցության դադարեցմանը կողմ էին արտահայտվել ԻՀԿ անդամ երկրների արտգործնախարարները, որոնց հանդիպումը կայացել էր Մեքքայի գագաթաժողովի նախօրեին։ Որոշմանը դեմ էր հանդես եկել միայն Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին։

Հատկանշական է, որ գագաթաժողովը հյուրընկալել էր Սաուդյան Արաբիան․ թագավորությունը զգալի ջանքեր է գործադրում Սիրիայի վարչակարգի դիվանագիտական մեկուսացման կազմակերպման համար, ինչպես նաև բացահայտ կոչ է անում զենք մատակարարել սիրիացի ապստամբներին։

ԻՀԿ-ն Իսլամական կոնֆերանս կազամկերպությունն է, որը վերանվանվել է 2011թ. հունիսին։ Այն ստեղծվել է 1969թ․։ Նախքան Սիրիայի անդամակցության դադարեցումը կազմակերպությունն ուներ 57 անդամ։

Հիշեցնենք, որ Սիրիայում ներքաղաքական ճգնաժամը շարունակվում է անցյալ տարվա մարտից։

Մեկնաբանել