Ալավերդի համայնքում ընդդիմադիր ղեկավար ընտրվեց․ ՔՊ-ն բոյկոտեց ավագանու առաջին նիստը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով ընտրված ավագանու 13 անդամներ, այդ թվում՝ Դավիթ Ղումաշյանը, Լոռա Սարգսյանը, Կարեն Ազարյանը, Համլետ Ղուլյանը, Արմինե Երիցյանը, Մկրտիչ Մարգարյանը, Հարություն Ձավարյանը, Ֆլորա Թաթուխաշվիլին, Ամրաստան Ջանինյանը, Հրանտ Հախվերդյանը, Անահիտ Սմբատյանը, Արտակ Գևորգյանը, Արեն Դալլաքյանը բոյկոտեցին համայնքի ավագանու առաջին նիստը: Սիվիլնեթի հարցին, թե արդյոք բոյկոտը շարունակական է լինելու, ՔՊ-ի ավագանու անդամներից մեկը բացատրեց, որ ավագանու առաջին նիստին չմասնակցելու որոշումը կայացրել են ավագանու ՔՊ-ական 13 անդամներով: Նրա խոսքով՝ ավագանու հաջորդ նիստերին ամենայն հավանականությամբ կմասնակցեն:

Ավագանու առաջին նիստում քննարկվեց Ալավերդի համայնքի ղեկավարի ընտրության, համայնքի ղեկավարի երդման արարողության և համայնքի ավագանու առաջին նստաշրջանի օրը որոշելու օրակարգային հարցերը: Նիստում «Ապրելու երկիր» կուսակցությունը Ալավերդի համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրեց Արկադի Թամազյանին: «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը համայնքի ղեկավարի թեկնածու չառաջադրեց: Ավագանու առաջին նիստը առանց ՔՊ-ական ավագանու անդամների անցավ առանց միջադեպերի: Ավագանու ներկա անդամների կողմից Արկադի Թամազյանը միաձայն ընտրվեց համայնքի ղեկավար՝ ստանալով 14 քվե:

Ավագանին որոշեց համայնքի ղեկավարի երդման արարողությունն անցկացնել հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին․ Ալավերդու Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում: Որոշվեց համայնքի ավագանու առաջին նստաշրջանի գումարման նիստ հրավիրել հոկտեմբերի 31-ին: Փոխմարզպետ Հովհաննես Ավետիսյանը ալավերդցիներին շնորհավորեց ազատ, արդար ՏԻՄ ընտրությունների համար. «Մենք 2018-ից ներդրել ենք ընտրությունների թափանցիկության մեխանիզմը և առ այսօր չունենք որևէ կեղծված ընտրություն»։

«Հայ ազգային կոնգրեսի» փոխնախագահ Լևոն Զուրաբյանը անտրամաբանական որակեց ՔՊ-ի ավագանու անդամների՝ առաջին նիստին չներկայանալու որոշումը։
«ՔՊ-ն մի կողմից ազդարարում է իր համար ժողովրդավարության արժեքների մասին և ԱԺ-ում ընդդիմությանը մեղադրում է նիստերը բոյկոտելու համար, մյուս կողմից, չի հարգում Ալավերդի համայնքի ընտրողների կամքը: Հուսով եմ՝ այդ մոտեցումը շատ կարճատև կլինի և նրանք կմասնակցեն ավագանու հետագա նիստերին»,- ասաց Լևոն Զուրաբյանը: Վերջինս նշեց, որ ժողվրդավարության խաղի անակնկալներով ՀԱԿ-ի մեկ ձայնից էր կախված Ալավերդի համայնքի ղեկավարի ընտրությունը:

«Երբ որոշումն ընդունում էինք, մենք ելնում էինք բացառապես Ալավերդի համայնքի շահերից»,- ասաց նա: Բանակցությունների արդյունքում ՀԱԿ-ը «Ապրելու երկիր» կուսակցությունից ստացել է Ալավերդի խոշորացված համայնքի ղեկավարի երկու տեղակալների և չորս բնակավայրերի վարչական ղեկավարների պաշտոններ։

«Ապրելու երկիր» կուսակցությունը ՀԱԿ-ի հետ շատ կոնկրետ դաշինք է ստեղծել Ալավերդի համայնքի կառավարման գործում»,- ասում է Լևոն Զուրաբյանը: ՀԱԿ-ում հասկանում են՝ եթե իրենց կուսակցության անդամներին չհաջողվի ապահովել հաջողություններ, դա կվնասի ոչ միայն Ալավերդի համայնքի բնակիչների շահերին, այլ հենց կուսակցությանը։

Մեսրոպ Առաքելյանը ցավով արձագանքեց ՔՊ-ական ավագանու անդամների ավագանու նիստին չներկայանալու փաստը: Նա ակնկալում էր, որ ՔՊ-ականները այնուամենայնիվ կմասնակցեն ավագանու հաջորդ նիստերին: Առաքելյանը պնդում էր, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը ամեն ինչ անելու է Ալավերդի համայնքի զարգացումը չխոչընդոտելու համար:

Ըստ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի՝ ՔՊ-ի այդ դրսևորումը «Ապրելու երկիր» կուսակցության համար առաջին նախադեպը չէ: Տաթև համայնքում նույնպես արդեն շուրջ մեկ տարի է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները ավագանու նիստերին չեն մասնակցում, սակայն համայնքների զարգացման մասին են խոսում: Իշխանությունը չի կարողանում իր մեջ հաղթահարել ընդդիմություն դառնալու կարգավիճակը. «Մենք նաև Նոյեմբերյան համայնքում ենք հաղթել, այնտեղ կառավարում ենք իրականացնում»-, ասաց Մեսրոպ Առաքելյանը:

Վերադառնալով Ալավերդի համայնքում աշխատատեղեր բացել մասին մեր հարցին՝ Առաքելյանը հայտնեց. «Համաձայն եմ, որ աշխատատեղերը շատ սուղ են ոչ միայն Ալավերդի համայնքում, ցավոք, նաև մյուս մարզերում: Դրա համար մենք անելու ենք առավելագույնը մասնավորի հետ համագործակցության արդյունքում աշխատատեղեր ավելացնելու համար: Դա լինելու է մեր առաջնահերթություններից մեկը: Աշխատատեղեր կարող ենք ստեղծել նաև տուրիզմի զարգացման միջոցով »,- պարզաբանեց Մեսրոպ Առաքելյանը:

Լարիսա Փարեմուզյան, Ալավերդի

Մեկնաբանել