Վրաստանի դատարանը կառավարությանը պարտավորեցրել է օգնական տրամադրել հաշմանդամություն ունեցող անձին

Լուսանկարը՝ Անա Գոգուաձեի արխիվից։

Շոթա Կինչա, OC Media

Թբիլիսիի քաղաքային դատարանը վճռել է, որ Վրաստանի կառավարությունը պետք է անձնական օգնական տրամադրի հաշմանդամություն ունեցող կնոջը։ Այսպիսով` դատարանը պետությանը պարտադրել է կատարել պարտավորություն, որը նախապես պլանավորված էր իրականացնել 2025 թ․։

Հոկտեմբերի 12-ին դատավոր Վալերիանա Փիլիշվիլին Վրաստանի Առողջապահության նախարարությանը կից Պետական խնամքի գործակալությանը հանձնարարել է երեք օրվա ընթացքում անձնական օգնական տրամադրել Անա Գոգուաձեին։

Թեև որոշումը միջանկյալ միջոց է մինչև դատարանը կլսի Գոգուաձեի գործը, ակտիվիստներն ասում են, որ սա նշանակալի փոփոխություն է հաշմանդամություն ունեցող անձանց հանդեպ կառավարության պարտավորությունների առումով:

Լուսանկարիչ, «Մզիուրի» սրճարանի սեփականատեր 35-ամյա Գոգուաձեն, որը

տեղաշարժվում է անվասայլակով, ասում է, որ դատարան է դիմել գարնանը, երբ առողջական խնդիրներ առաջացան մոր և տատիկի մոտ, որոնք մինչ այդ օգնում էին իրեն։

«Ես միշտ եմ օգնության կարիք ունեցել, բայց վերջերս վիճակս այնքան է վատացել, որ հասկացա՝ պետք է մտածել ապագայի մասին և զբաղվել այդ հարցով»,- OC Media-ին ասել է Գոգուաձեն, որը ողնաշարի մկանային ատրոֆիա ունի։ Սա գենետիկ հիվանդություն է, որը հանգեցնում է մկանների թուլության և նիհարեցման։

Վերջին ամիսներին Գոգուաձեն հավելյալ մարտահրավերների է բախվել, երբ օգոստոսին Բելգիայում, ֆոտոնախագծի վրա աշխատելիս, կոտրել է ազդրը:

«Ես չեմ կարող օգտվել հասարակական տրանսպորտից և իմ կարիքների պատճառով ստիպված եմ վարորդ վարձել. այնպես որ, եթե ուրիշների համար տեղաշարժն արժե 200 լարի (72 դոլար), ինձ համար դա 800 լարի է (290 դոլար) է … Ոչ մի կերպ հնարավոր չէր, որ ինքնուրույն այնքան գումար աշխատեի, որ կարողանայի անձնական օգնական վարձել։ Այդ իսկ պատճառով որոշեցի դիմել դատարան»,- ասել է նա:

Գոգուաձեն ասել է, որ նախքան դատարան դիմելը Առողջապահության նախարարությունից և Թբիլիսիի քաղաքապետարանից իրեն ասել են, որ նման ծառայության համար պետական ֆինանսավորումը հասանելի կլինի միայն 2025 թ․։

Հույս՝ անուշադրության մատնված համայնքի համար

Մինչդատական այս որոշումը արագացնում է փոփոխությունները, որոնց իրականացումը սովորաբար կարող է տարիներ տևել, և դրանով հույս է ներշնչել այլ ակտիվիստներին և համայնքի անդամներին:

«Դատավճիռներին սպասելը շատ հաճախ տևում է 3-5 տարի, ինչը անհիմն երկար ժամանակ է արդարադատությանը սպասելու համար»,- OC Media-ի հետ զրույցում ասել է «Համագործակցություն հանուն մարդու իրավունքների» տեղական փաստաբանական խմբի գործադիր տնօրեն Անա Արգանաշվիլին, որը ներկայացնում է Գոգուաձեին։

Վրաստանը 2020 թ․ ընդունել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքը, որով ընդլայնվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները երկրում։

Դրանից առաջ 2017 թ․ Վրաստանի Սահմանադրության փոփոխություններով արձանագրվել է պետության պարտավորությունը՝ «ստեղծելու հատուկ պայմաններ, որոնք հաշմանդամություն ունեցող անձանց անհրաժեշտ են իրենց շահերի և իրավունքների իրացման համար»:

Այնուամենայնիվ, խտրականության տարբեր ձևերի դեմ հետագա օրենսդրական փոփոխությունները, ներառյալ 2019-2020 թթ․ ընդունվածները, հատուկ կարիքներ ունեցողներին անձնական օգնություն տրամադրել խոստանում էին միայն 2025-ից:

«Այստեղ է, երբ օգնության են գալիս «ժամանակավոր միջոցները». դրանք երաշխավորում են, որ մարդու իրավունքները չոտնահարվեն մինչև գործի վերաբերյալ վճիռ կկայացվի»,- ասաց Արգանաշվիլին:

Դատավոր Փիլիշվիլին որոշել է, որ Գոգուաձեն պետք է անձնական օգնական ունենա օրական 18 ժամ։

Գոգուաձեն OC Media-ին ասել է, որ դատավորի որոշումը «մեծ հույսեր» է տվել մի համայնքի, որի կարիքները դեռևս հաճախ չեն բավարարվում պետության կողմից:

«Ես հասկանում եմ, որ այս խնդիրը մի քանի օրում չի լուծվի, բայց գործընթացը պետք է սկսել հիմա, բացարձակապես ոչ 2025 թ․։ Դա աբսուրդ է։ Նրանք պետք է չորս-հինգ տարի առաջ սկսեին զբաղվել այս հարցով»,- ասել է Գոգուաձեն։

«Համագործակցություն հանուն մարդու իրավունքների» փաստաբանական խմբի գործադիր տնօրեն Անա Արգանաշվիլին ասել է, որ 18 ժամ նշելով, դատավորը նախադեպային որոշում է կայացրել և հետևել է այս տարվա սկզբին իրենց կազմակերպության կողմից ներկայացված մեկ այլ գործի օրինակին:

Հունվարին Թբիլիսիի դատարանը որոշել էր, որ պետք է շարունակվի անձնական օգնականի տրամադրումը հաշմանդամություն ունեցող անձին, որը չափահաս դառնալուց հետո զրկվելու էր անձնական օգնականից։

Արգանաշվիլին պնդում է, որ վերջին վճիռը, նույնիսկ եթե դա մինչդատական ժամանակավոր միջոց է, կարևոր նախադեպ է ստեղծել։

Նախորդ դեպքերում «Համագործակցություն հանուն մարդու իրավունքների» փաստաբանական խումբը հանդես է եկել մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց անձնական օգնական տրամադրելու օգտին` հիմնվելով նրանց կյանքի և առողջության պաշտպանության անհրաժեշտության վրա, ներառյալ ինքնավնասումը կանխելու անհրաժեշտությունը։

Սակայն Գոգուաձեի դեպքը, ըստ Արգանաշվիլիի, պետական մակարդակով «բարձրացրեց հաշմանդամության իրավունքների չափանիշները»:

Արգանաշվիլին ընդգծել է, որ վերջին որոշմամբ վրացական դատարանն ընդունել է, որ անձնական օգնականն անհրաժեշտ է, որպեսզի ապահովվի հայցվորի կողմից իր քաղաքացիական և քաղաքական իրավունքների լիարժեք իրականացումը։

«Թեև սա ընդամենը ժամանակավոր միջոց է, դա իրականացնելու կառավարության պարտավորությունը ստիպել է նրան վերանայել գործող ենթաօրենսդրական նորմատիվ ակտերը, որոնք մինչ այժմ անձնական օգնականի ծառայություններ երաշխավորում էին միայն մտավոր հաշմանդամություն ունեցողների համար»,- ասել է նա:

Անա Գոգուաձեն նախկինում հանդես է եկել Վրաստանում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ, ինչպես նաև աջակցել է երկրում քաղաքացիական իրավունքների պաշտպանության այլ արշավներին:

Նա 2005-ից երեխաների իրավունքների պաշտպանությանը նվիրված ամենամյա «Արևի փառատոն»-ի կազմակերպիչն է։

Այս տարվա հունիսին, չնայած հոմոֆոբների հակազդեցությանը, Գոգուաձեն հրաժարվեց «Մզիուրի» սրճարանից հանել ծիածանագույն դրոշը։ Ծայրահեղ պահպանողական մի խմբի ներկայացուցիչներ նույնիսկ օրեր շարունակ բողոքի ակցիա էին անում սրճարանի դիմաց։

Անա Գոգուաձեն Թբիլիսիում հակակառավարական ցույցի ժամանակ. 2019 թ հունիս։

2019 թ․ ամառվա հակակառավարական ցույցերի ժամանակ սոցիալական ցանցերում լայն տարածում գտավ Գոգուաձեի պաստառը՝ «Գախարիա, մի ստիպիր ինձ ոտքի կանգնել» գրությամբ։ Պաստառը հասցեագրված էր այն ժամանակ Ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիային, որին մեղադրում են փողոցային ցույցերի ժամանակ ոստիկանական կոշտ ուժ կիրառելու մեջ:

Մեկնաբանել