Գլխավոր շտաբի պետն ընդունել է ԵՄ առաքելության անդամներին

Հոկտեմբերի 15-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին, հաղորդում է Հայաստանի ՊՆ-ն։

«Գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը ողջունել է առաքելության այցը Հայաստան և հայտնել առաքելության հետ համագործակցելու և առաքելությանն աջակցելու ՀՀ զինված ուժերի պատրաստակամությունը, ներկայացրել սեպտեմբերի 13-ի ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը: Հանդիպման ընթացքում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին են ներկայացվել առաքելության հիմնական նպատակներն ու խնդիրները: Զրուցակիցները քննարկել են առաքելության գործունեության տեխնիկական և կազմակերպչական հարցեր»,- նշվում է հաղորդագրությունում։

***

Հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում ԵՄ դիտորդներ տեղակայելու որոշումը կայացվել է Պրահայում հոկտեմբերի 6-ին վերջերս կայացած բանակցությունների ժամանակ, որոնց մասնակցում էին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Դիտորդներին չի հաջողվի մտնել Ադրբեջանի տարածք, սակայն Բաքուն խոստացել է անհրաժեշտության դեպքում համագործակցել եվրոպացիների հետ։ Պրահայում հանդիպումից ընդամենը մի քանի օր առաջ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ևս քննարկվել է Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու գաղափարը։