Ճամպրուկներ և փշրված երազանքներ. փախչող ռուսները ճգնաժամ են բերում Կովկաս

Գաբրիել Գավին, OC Media

Քանի որ արևմտյան երկրները փակում են իրենց սահմանները մոբիլիզացիայից խուսափողների համար, միայն Վրաստանը ու Հայաստանն են առերեսվում նոր ժամանածների խնդրին:

«Ես ստիպված էի գնալ, քանի որ թվում է, թե գրեթե բոլորը շուտով զորակոչվելու են»,- ասում է 37-ամյա Կոլյան, որն աշխատանքը թողել է Սանկտ Պետերբուրգի բարձրակարգ սրճարանում և հեծանիվով երկու օր քշելով՝ անցել Վրաստանի սահմանը: «Ես պարզապես ընկերներիս հետ եմ մնում Թբիլիսիում, բայց հուսով եմ, որ շուտով կկարողանամ բարիստայի աշխատանք գտնել»:

Սեպտեմբերի 21-ին «մասնակի մոբիլիզացիայի» հրամանից հետո Ռուսաստանը 700 000 մարդ է լքել, հայտնում է Forbes-ը՝ հղում անելով Կրեմլի աղբյուրին։ Կովկասի և Կենտրոնական Ասիայի ցամաքային սահմաններին երկար հերթեր էին գոյացել, իսկ ինքնաթիռի միակողմանի տոմսերի գները բարձրացել հազարավոր դոլարներով։ Նախկին խորհրդային հանրապետությունները կրում են հանկարծակի ներհոսքի ծանրությունը, քանի որ ԵՄ երկրները փակել են իրենց օդային տարածքը Ռուսաստանից թռիչքների համար և ՌԴ քաղաքացիների համար մի շարք սահմանափակումներ մտցրել դեռ պատերազմի սկզբից:

Վրաստանի ՆԳՆ տվյալներով՝ Կոլյայի նման ավելի քան 78 000 ռուս երկիր է մտել միայն զորահավաքից հետո առաջին շաբաթվա ընթացքում։ Հասնելով այնտեղ՝ նրանք կարող են արդյունավետ մնալ անորոշ ժամանակով և ինքնաբերաբար աշխատելու իրավունք ունեն: Հարևան Հայաստանը, որտեղ ռուսները կարող են ճանապարհորդել նույնիսկ առանց միջազգային անձնագրի, պաշտոնական վիճակագրություն դեռ չի հրապարակում, սակայն ամեն օր տասնյակ լեփ-լեցուն թռիչքներ են վայրէջք կատարում Երևանում։ Ադրբեջանը, մինչդեռ, ըստ երևույթին, շատ ավելի քիչ նոր ժամանողներ ունի, քանի որ նրա ցամաքային սահմանները փակ են COVID-19 համաճարակի սկզբից:

Տնտեսական անկում

Ի տարբերություն ռուս էմիգրանտների ալիքի, որոնք մարտին տեղափոխվել էին արտերկիր՝ խուսափելու պատերազմի տնտեսական և քաղաքական հետևանքներից, նրանք, ովքեր այժմ պայքարում են զորակոչից խուսափելու համար, հաճախ շատ ավելի խոցելի վիճակում են և ավելի քիչ են կարողանում աշխատել հեռակա կարգով կամ գտնել նոր աշխատանք:

29-ամյա Նուրբեկ Օսմանովը մոտ մեկ տասնամյակ առաջ Մոսկվա էր տեղափոխվել Ղրղզստանից՝ ավելի լավ կյանք կառուցելու ակնկալիքով և աշխատում էր տաքսու վարորդ Yandex-ի երթևեկության հարթակում և ի վերջո դարձել էր Ռուսաստանի երկքաղաքացի: Նա նույնպես այժմ եկել է Վրաստան՝ Վերին Լարսի անցակետում երեք գիշեր քնելուց հետո: «Ես պարզապես ուզում եմ տուն գնալ՝ Ղրղզստան,- ասում է նա,- բայց իմ ունեցած 150 դոլարը բավարար չէ այնտեղ հասնելու համար»:

Ռուսաստան վերադառնալուց խուսափող և իրենց խնայողությունները սպառող հուսահատ մարդկանց աճող հոսքի պայմաններում Վրաստանում և Հայաստանում տանտերերը ակնհայտորեն թանկացնում են գները, իսկ հյուրանոցների գները բարձրացել են պահանջարկին զուգահեռ: Անցյալ շաբաթ Booking.com-ը զգուշացրեց, որ Թբիլիսիում անվճար տարբերակներ չունի, մինչդեռ Երևանում հասանելի սենյակներով միակ ցանցային հյուրանոցում երեք գիշեր մնալը մոտ 2000 դոլար արժեր:

Չունենալով կանոնավոր աշխատանք և հաճախ պատժամիջոցների պատճառով ի վիճակի չլինելով Ռուսաստանից փող տեղափոխել՝ նոր ժամանածները հայտնվում են ավելի ու ավելի անորոշ վիճակում, և շատերը ստիպված են օգնություն խնդրել այն կազմակերպություններից, որոնք ապաստարաններ են ստեղծել: Մի երիտասարդ ռուս կին և նրա համախոհները Երևանում նույնիսկ իրենց տունն են բացել առանց պլանի երկիր ժամանողների և գիշերակացի մահճակալ որոնող հուսահատ մարդկանց համար:

Վերին Լարս․ հազարավոր մարդիկ հերթ են կանգնել ռուս-վրացական սահմանին մոբիլիզացիայի հայտարարությունից հետո։

Տնտեսական տեղատարափն ազդում է տեղացիների և հարավկովկասյան երկու երկրների երկարամյա բնակիչների վրա: «Երբ պատերազմի սկզբում եկան առաջին ռուսները, տանտերս կրկնապատկեց իմ վարձավճարը՝ ամսական 400 դոլարից մինչև 800 դոլար, և ինձ վտարեց, երբ ես չվճարեցի»,- ասում է Երևանում բնակվող ուսուցչուհի Էլոդի Գավրիլոֆ-Դերնիգոսյանը: «Հիմա, վերջին ալիքի հետ մեկտեղ, բնակարանները թանկանում են կրկնակիից ավելի: Ու թեև մենք Մանհեթենի գներ ենք վճարում, սակայն Մանհեթենի ծառայություններ չենք ստանում։ Իմ նոր վայրում ջուրն այս պահին անջատված է»:

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի հետ քաղաքական լարվածությունը աճում է ամբողջ տարածաշրջանում։ Այն բանից հետո, երբ սեպտեմբերին ադրբեջանական ուժերը սկսեցին հրետակոծել հայկական քաղաքներն ու գյուղերը, երբ ադրբեջանցի զինվորները ներխուժեցին երկրի սահմաններից ներս և տարածքներ գրավեցին, Երևանը պաշտոնական խնդրանք ներկայացրեց աջակցության համար՝ որպես Մոսկվայի գլխավորած ՀԱՊԿ ռազմական դաշինքի անդամ: Այնուամենայնիվ, ակնհայտորեն չցանկանալով միջամտել և շեղվել Ուկրաինայում իր պատերազմից՝ Կրեմլը մինչ այժմ հրաժարվում է ուղղակիորեն ներգրավվել, իսկ Երևանի փողոցներում բողոքի ցույցեր են եղել, որտեղ ցուցարարները ծածանում էին ուկրաինական դրոշներ և կոչ անում դուրս գալ դաշինքից:

«Հայաստանում Ռուսաստանի մտադրությունների նկատմամբ վստահությունը փլուզվել է»,- ասում է Chatham House վերլուծական կենտրոնի փորձագետ Լոուրենս Բրոերսը: «Բարդ կոնտեքստ, որի պայմաններում ընդունում են ռուսների մեծ հոսքը»: Բրոերսի խոսքով՝ «Վրաստանում, որը 2008-ին պատերազմ էր մղել Ռուսաստանի դեմ և առերեսվել Մոսկվային որպես բռնազավթող տերության, ժամանողների զգալի թիվը նույնպես լուրջ մարտահրավեր է»:

Օգոստոսին Վրաստանը ձերբակալել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության 20-ամյա ենթադրյալ տեղեկատուի, որը, ըստ տեղեկությունների, ուղարկվել էր Վրաստան՝ լրտեսելու Թբիլիսիում տեղակայված այլախոհներին, ինչը Վրաստանում մտավախություն է առաջացրել նոր ժամանողների մտադրությունների վերաբերյալ:

Ճգնաժա՞մ է հասունանում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ սեպտեմբերին «մասնակի մոբիլիզացիայի» հրամանի արձակումից հետո ընդամենը մեկ շաբաթ անց OC Media-ի համար գրած հոդվածում Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը հորդորում էր երկրին ողջունել զորակոչից խուսափողներին: «Մենք հուսով ենք, որ Վրաստանը կշարունակի ծառայել որպես ապաստարան նրանց համար, ովքեր փախչում են Ուկրաինայի պատերազմից, ինչպես նաև Ռուսաստանում և Բելառուսում ճնշումներից»,- ասում էր նա։

Սակայն ներկայում արևմտյան երկրները քիչ են խոսում երկու երկրներ ժամանող ռուսների թվի աճի բացասական հետևանքների մասին՝ չնայած աճող մտահոգություններին: «Մենք կարծում ենք, որ յուրաքանչյուր երկրի խնդիրն է վերահսկել ներգաղթն իր տարածք և գնահատել դրա հետ կապված անվտանգության հնարավոր ռիսկերը»,- OC Media-ին ասել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության խոսնակը:

Այնուամենայնիվ, Եվրախորհրդարանում Չեխիայից պատգամավոր և Եվրախորհրդարանի Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության անդամ Մարկետա Գրեգորովայի կարծիքով՝ ռուսների ներհոսքը «կհանգեցնի անվտանգության և սոցիալ-տնտեսական լուրջ հետևանքների և, հնարավոր է, որոշ ավելի զգալի ճգնաժամի առաջացնի»:

OC Media-ի հետ զրույցում Գրեգորովան հորդորում է և՛ ԵՄ-ին, և՛ արևմտյան երկրներին, որոնք փակել են իրենց սահմանները ռուսների համար, «ավելացնել աջակցությունը Հարավային Կովկասում կայունությունը պահպանելու համար»։ Ասել է թե՝ նախ այս երկրների կառավարություններն իրենք պետք է լուծումները թիրախավորեն:

Առայժմ ո՛չ Վրաստանը, ո՛չ Հայաստանը հրապարակայնորեն կոչ չեն արել մարդասիրական օգնության կամ տնտեսական աջակցության համար՝ աջակցելու իրավիճակը հաղթահարելուն: «Էթնիկ ռուսները տարիներ շարունակ գալիս են Վրաստան։ Ինչո՞ւ դա հիմա պետք է խնդիր դառնա»,- սեպտեմբերի 27-ին լրագրողներին ասել է Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին։

Պատասխանելով OC Media-ի հարցին՝ Հայաստանի էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Լիլիթ Հակոբյանը արձագանքել է այդ մեկնաբանություններին։ «Մենք ռուսների կողմից որոշակի հետաքրքրություն և աճ ենք տեսնում, քանի որ նրանք լավ ծանոթ են մեր երկրին,- ասում է նա։- Երբ խոսքը վերաբերում է արևմտյան երկրների աջակցությանը, մենք առաջին հերթին կցանկանայինք աջակցություն իրավական դաշտում ադրբեջանական ագրեսիայի հետ կապված։ Միայն խաղաղ պայմաններում մենք կարող ենք խոսել տնտեսության և կյանքի այլ կարևոր ասպեկտների մասին»:

Քանի որ Պուտինը ուժգնացրել է ներխուժումը, և նրա զորքերը ուկրաինական հակահարձակման հետևանքով կորցնում են որոշ տարածքներ, պարզ է, որ բազմաթիվ երիտասարդ ռուսների՝ պատերազմից խուսափելու վճռականությունը միայն աճում է: Սակայն առանց հարյուր հազարավոր նոր ժամանածների հետ գործ ունենալու ծրագրի՝ Վրաստանը և Հայաստանը շուտով կարող են հայտնաբերել, որ իրենք ճգնաժամի առաջ են, քանի որ ավելի ու ավելի շատ երիտասարդներ են հայտնվում՝ խուսափելով պատերազմից:

* Գաբրիել Գավինը (Gabriel Gavin) բրիտանացի լրագրող և գրող է, որը լուսաբանում է նախկին Խորհրդային Միությունը և Թուրքիան։ Նրա աշխատանքները հրապարակվել են Politico, Foreign Policy, TIME և այլ պարբերականներում:

Մեկնաբանել