Բաքվի դատարանը հինգ տարվա ազատազրկման է դատապարտել տղամարդուն՝ դեռահաս ակտիվիստին բռնաբարելու համար

Սանայ Յաղմուրը (ձախից) երկու այլ ակտիվիստների հետ հունիսի 29-ին բողոքի ցույց են անցկացնում Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի մոտ: Վահանակի վրա գրված է՝ «պահանջում ենք արդարություն»։

Իսմի Աղաև, OC Media

Բաքվի քրեական դատարանը 30-ամյա Ասգար Աղազադեին դատապարտել է հինգ տարվա ազատազրկման՝ իր զարմիկին՝ ակտիվիստ Սանայ Յաղմուրին 17 տարեկանում բռնաբարելու համար։

Չորեքշաբթի հրապարակված դատավճիռը կայացվել է դեպքից երկու տարի անց՝ տուժողի և նրա ընտանիքի կողմից իշխանությունների գործողությունների համար երկարատև պայքարից հետո:

Սանայի մայրը՝ գրող Զումրուդ Յաղմուրը, ողջունել է Աղազադեի դատավճիռը՝ միաժամանակ դժգոհություն հայտնելով, որ նա ստացել է հնարավոր նվազագույն պատիժը։

«Չնայած մենք զգում ենք, որ դա բավարար չէ, ի վերջո, Սանայի հաղթանակը կոգեշնչի բռնության ենթարկվող աղջիկներին և կանանց, որոնք չեն կարողանում իրենց ձայնը լսելի դարձնել Ադրբեջանում»,- ասել է նա OC Media-ին:

Ադրբեջանական օրենսդրության համաձայն՝ անչափահասի բռնաբարությունը պատժվում է 5-10 տարվա ազատազրկմամբ։ Դատախազները պահանջում էին Աղազադեին բանտարկել յոթ տարով։

Սանայի փաստաբան Զիբեյդա Սադիգովան նույնպես նշել է, որ ակտիվիստը դատավարության ընթացքում եղել է բանավոր բռնության թիրախ։

«Դատավարության ընթացքում մեղադրյալը բազմիցս մեզ շատ լուրջ վիրավորանքներ է հասցրել։ Մենք բարձրացրել ենք այս հարցը՝ օգտագործելով համապատասխան ուղիները, սակայն դատարանը ոչ մի քայլ չի ձեռնարկել»,- ասել է նա OC Media-ին։

Դատավճռի հրապարակումից հետո Զումրուդ Յաղմուրն ու Զիբեյդա Սադիգովան գրկախառնվում են։ Լուսանկարը՝ Գուլնարա Մեհդիևայի։

Յաղմուրն առաջին անգամ բողոքել է ոստիկանություն 2020-ի օգոստոսին՝ իրեն բռնաբարելուց երեք օր անց։ Այնուամենայնիվ, դատախազությունը ավելի քան մեկ տարի հրաժարվում էր մեղադրանք առաջադրելուց՝ մինչև 2021 թվականի հոկտեմբերին Յաղմուրի գրառումը, երբ նա նկարագրեց բռնաբարությունը և իշխանությունների անգործությունը, ինչը և լայնորեն տարածվեց:

Գրառումից հետո ակտիվիստի մորը հայտնեցին, որ նրա գործը վերանայվում է գլխավոր դատախազի կողմից։

Սանայի մայրը OC Media-ին ասել է, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում էին միտումնավոր ձգձգել գործընթացը՝ հայտարարելով, որ դատավարությունը «անիմաստ պատճառներով բազմիցս երկարաձգվել է, չնայած այն ապացուցված է հստակ ապացույցներով»:

«Այս բոլոր քայլերն արվել են հանցագործ Ասգար Աղաևին պաշտպանելու համար»։

«Ես գրող եմ, իսկ Սանայը՝ ֆեմինիստ ակտիվիստ։ Սա առաջին հերթին ստիպեց իշխանություններին դատապարտել [Աղազադեին] նվազագույն պատժի` որպես վրեժխնդրության ակտ»:

Աղազադեն դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել՝ ասելով, որ Յաղմուրի մեղադրանքներն անհիմն են, և նրան մեղադրել է զրպարտության մեջ։ Նրա մայրը՝ Սուրեյյա Աղաևան, նույնպես պնդել է, որ դատաբժշկական ապացույցները վկայում են, որ իր որդու հասցեին մեղադրանքները կեղծ են։