Ադրբեջանը չունի հնարավորություն առաջիկա տարիներին ԵՄ-ին ապահովելու խոստացված գազը

Բաքվում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն Դեր Լեյենը գազային հուշագիր է ստորագրում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հուլիսի 18, 2022։

Չնայած էներգետիկ հարցերով Ադրբեջան – Եվրամիություն համագործակցության հուշագրին և արդեն 2026-2027 թթ. Ադրբեջանից տարեկան 20 մլրդ խմ գազ դեպի Եվրամիություն արտահանելու մասին բարձրագոչ հայտարարություններին՝ առայժմ այդ ծրագրի իրականացման հավանականությունը շատ փոքր է:

Ռուսաստանից գազի ներմուծման ծավալների շեշտակի նվազմանը զուգահեռ Եվրամիության անդամ պետությունները ձեռնամուխ են եղել գազի ներմուծման նոր աղբյուրների որոնմանը: Վերջին ամիսներին ակտիվ քննարկվում է Ադրբեջանից ԵՄ բնական գազի ներմուծման ծավալների մեծացման հարցը: Հուլիսին Եվրամիությունը և Ադրբեջանը փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին, որը ենթադրում է առաջիկա հինգ տարիներին Ադրբեջանից Եվրամիություն բնական գազի արտահանման ծավալների շուրջ կրկնակի ավելացում՝ տարեկան 10 մլրդ խմ-ից մինչև տարեկան 20 մլրդ խմ:

Ադրբեջանից Եվրամիության բնական գազի արտահանման ծավալների ավելացման համատեքստում առկա է երկու հիմնական խնդիր՝ տեխնիկական հնարավորություններ և բնական գազի համապատասխան ծավալների առկայություն:

Ադրբեջանից բնական գազը Եվրամիություն է արտահանվում «Հարավային գազային միջանցքով», որը բաղկացած է հարավկովկասյան, տրանսանատոլիական և տրանսադրիատիկ գազամուղերից: Հարավկովկասյան գազամուղը բնական գազը Ադրբեջանից հասցնում է մինչև թուրքական Էրզրում, տրանսանատոլիական գազամուղը հասնում է մինչև թուրք-հունական սահման, իսկ տրանսադրիատիկ գազամուղը անցնում է Հունաստանով, Ալբանիայով և Ադրիատիկ ծովի հատակով՝ հասնելով Իտալիա: Նշված երեք խողովակաշարերից միայն տրանսադրիատիկ գազամուղն է հասնում Եվրոպա, և առայժմ այն դեպի Եվրոպա ադրբեջանական գազի արտահանման միակ հնարավորությունն է: Արդեն 2023-ին Ադրբեջանը տրանսադրիատիկ գազամուղով Եվրոպա է արտահանելու մոտ 12 մլրդ խմ գազ, որից 10 մլրդ-ը՝ Իտալիա, և մեկական մլրդ խմ՝ Հունաստան և Բուլղարիա:

Տրանսադրաիտիկ գազամուղի առավելագույն թողունակությունը տարեկան 20 մլրդ խմ է, սակայն այդ թողունակությանը հասնելու համար անհրաժեշտ է մի քանի նոր կոմպրեսորային կայան կառուցել, որոնք հնարավորություն կտան ավելացնել խողովակաշարի ներսում առկա ճնշումը: Այդ աշխատանքների իրականացումը զգալի գումարներ և ժամանակ է պահանջում, և ներդրողներն այդ ծախսերին կգնան միայն այն դեպքում, երբ համոզված լինեն հավելյալ գազի պաշարների առկայության մեջ:

Մինչդեռ այս հարցում Ադրբեջանում առկա են լուրջ խնդիրներ: Վերջին տարիներին Ադրբեջանում էական ներդրումներ չեն արվել գազի նոր հանքավայրերից արդյուհանամում իրականացնելու ուղղությամբ: Բացառություն է միայն Ապշերոնի հանքավայրը, որը շահագործման կհանձնվի 2023-ին և որի թողունակությունը տարեկան 1,5 մլրդ խմ է: Սակայն Ադրբեջանը չի կարող այդ գազը հարավային գազային միջանցքով արտահանել Եվրամիություն, քանի որ ներքին սպառման պակաս ունի, և Ապշերոնի հանքավայրի գազը օգտագործվելու է ներքին սպառման համար: Ադրբեջանը նաև տարեկան մինչև երկու մլրդ խմ գազ է ստանում Թուրքմենստանից, Իրանի տարածքով իրականացվող սվոփային գործարքի միջոցով (թուրքմենական գազը մտնում է Իրան, նույն ծավալով իրանական գազ արտահանվում է Ադրբեջան): Սակայն այս գործարքը ևս նախատեսված է Ադրբեջանի ներքին կարիքների համար: Հետևաբար, ներկայում Ադրբեջանը չունի հնարավորություններ առաջիկա չորս-հինգ տարիների ընթացքում տարեկան հավելյալ 8 մլրդ խմ գազ արտահանել Եվրամիություն՝ արտահանման ծավալները հասցնելով տարեկան 20 մլրդ խմ-ի, ցուցանիշ, որը նախատեսված է 2022-ի հուլիսին ստորագրված ԵՄ – Ադրբեջան համագործակցության հուշագրով:

Նշված խնդրի լուծման հնարավոր տարբերակներից մեկը Ադրբեջանում վերականգնվող էներգետիկայի զարգացումն է, որը հնարավորություն կտա էականորեն մեծացնել Ադրբեջանում արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալները, Ադրբեջանի ներքին էներգետիկ հաշվեկշռում ավելացնել էլեկտրաէներգիայի չափաբաժինը, նվազեցնել գազի ներքին սպառումը և դրա շնորհիվ ավելացնել գազի արտահանման ծավալները:

2021 – 2022 թթ. Ադրբեջանն այս ուղղությամբ ակտիվ քայլեր է ձեռնարկում՝ փորձելով եվրոպական, բրիտանական և իսրայելական ներդրումներ ներգրավել վերականգնվող էներգետիկայի ոլորտում, ընդ որում՝ առաջին հերթին այս ծրագրերն իրականացվելու են 2020-ի Ղարաբաղյան պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում: Չնայած ստորագրված մի շարք նախնական համաձայնագրերին՝ առայժմ լայնածավալ կոնկրետ ծրագրեր դեռ չեն մեկնարկել, ինչը նշանակում է, որ Ադրբեջանն այս ճանապարհով ևս ի վիճակի չի լինի արդեն 2026 -2027 թթ․ տարեկան հավելյալ 8 մլրդ խմ գազ արտահանել Եվրամիություն:

Թուրքմենական գազը և Կասպից ծովի իրավական կարգավիճակի խնդիրները

Ստեղծված պայմաններում ներկայում քննարկվում է «Հարավային գազային միջանցքով» այլ աղբյուրներից Եվրամիություն գազի արտահանման հնարավորությունը: Որպես հավելյալ գազի աղբյուր առաջին հերթին դիտարկվում է Թուրքմենստանը: Քննարկվող ծրագրի համաձայն՝ նախատեսվում է 75 կմ-ոց գազամուղի կառուցում Կասպից ծովի հատակով, որը թուրքմենական գազի հանքավայրերը կմիացնի Կասպից ծովում տեղակայված և շահագործվող ադրբեջանական հանքավայրերին, որոնք արդեն իսկ խողովակաշարերով միացված են ադրբեջանական գազային ցանցին: Նշված գազամուղը կարող է ունենալ տարեկան մինչև 5 մլրդ խմ թողունակություն, ինչը հնարավորություն կտա տրանսադրիատիկ գազամուղով Եվրամիություն արտահանվող գազի ծավալները հասցնել տարեկան մինչև 17 մլրդ խմ-ի:

Սակայն այս ծրագրի իրականացման հարցում առկա են աշխարհաքաղաքական բարդություններ: Չնայած 2018-ին ստորագրված Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին համաձայնագրին՝ ափամերձ հինգ պետությունների միջև շարունակվում են տարընթերցումները համաձայնագրի որոշ կետերի վերաբերյալ: Վիճելի հարցերից մեկը վերաբերում է Կասպից ծովի հատակով խողովակաշարերի կառուցման ժամանակ ափամերձ բոլոր պետությունների համաձայնության անհրաժեշտության խնդրին: Ռուսաստանը և Իրանը դեմ են արտահայտվում Կասպից ծովի հատակով գազամուղերի կառուցման գաղափարին՝ պնդելով, որ դրանք էական բնապահպանական վտանգ են ներկայացնում: Ներկայում Թուրքմենստանի կառավարությունը պատրաստ չէ ձեռնամուխ լինել նշված խողովակաշարի կառուցմանը՝ առանց այս հարցում Ռուսաստանի համաձայնությունը ստանալու, ինչը էականորեն նվազեցնում է այս ծրագրի իրականացման հնարավորությունները:

***

Այսպիսով, չնայած էներգետիկ հարցերով Ադրբեջան – Եվրամիություն համագործակցության հուշագրի ստորագրմանը և արդեն 2026-2027 թթ. Ադրբեջանից տարեկան 20 մլրդ խմ գազ դեպի Եվրամիություն արտահանելու մասին բարձրագոչ հայտարարություններին՝ առայժմ այդ ծրագրի իրականացման հավանականությունը շատ փոքր է: