Ինն ամիսների տվյալներով հարկերն ավելացել են, ԶՊՄԿ-ն ամենախոշոր հարկատուն է

Այս տարվա ինն ամիսների կտրվածքով պետական բյուջե վճարվել են ավելի քան 1 տրիլիոն դրամի հարկեր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 871 միլիարդի փոխարեն։ Այդ մասին տեղեկացնում է Պետեկամուտների կոմիտեն։

1 000 խոշոր հարկատուների ցանկում առաջինը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է՝ վճարած ավելի քան 129 միլիարդ դրամ հարկերով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կոմբինատը բյուջե վճարել էր 42,3 միլիարդ։ Հարկերի առյուծի բաժինը ԶՊՄԿ-ն վճարել է վեց ամիսների ընթացքում, իսկ հաջորդ երեք ամիսներին վճարած հարկերի տեմպը թուլացել է։ Սա պայմանավորված է միջազգային բորսայում պղնձի ու մոլիբդենի բարձր գնի պատճառով կառավարության սահմանած արտահանման տուրքով։

Ինն ամիսների տվյալներով երկրորդ խոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիա»-ն ՝ վճարած 41,8 միլիարդ դրամով։ Նախորդ տարի ընկերությունը 38,2 միլիարդի հարկեր էր վճարել։

«Գրանդ տոբակո» ծխախոտի արտադրությամբ ու արտահանմամբ զբաղվող ընկերությունն ինն ամիսների արդյունքներով վճարել է 32,4 միլիարդ՝ նախորդ տարվա 24,7-ի փոխարեն։ Հարկերը ավելացրել է նաև «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ»-ը։

«Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն նախորդ տարվա ինն ամիսների համեմատ վճարած հարկերն ավելացրել է մոտ 28 տոկոսով՝ հասցնելով 12,4 միլիարդի։

Ընդհանուր առմամբ, 1 000 խոշոր հարկատուների առաջին տասնյակում կան երկու հանքարդյունաբերական ընկերություններ, ծխախոտի արտադրությամբ, ներմուծմամբ ու արտահանմամբ զբաղվող չորս ընկերություններ, հեղուկ վառելիքի ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող երկու ընկերություններ, հեռահաղորդակցության օպերատոր՝ հանձին «ՄՏՍ-Հայաստան»-ի և «Գազպրոմ»-ը։