Շառլ Ազնավուրը հանդիպել է Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչներին

Երեկ Շառլ Ազնավուրը ժամանել է Վրաստան և հանդիպում ունեցել Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, հաղորդում է «Արմենպրեսը:

Շանսոնյեն այսօր կմասնակցի Ախալցխայի «Ռաբատ» վերականգնված ամրոցի բացմանը նվիրված համերգին: Սա Ազնավուրի երրորդ այցն է Վրաստան, սակայն, ինչպես «Գրուզիա օնլայն»-ին հայտնել է Ազնավուրի վրացական այցի նախաձեռնող, համերգի կազմակերպիչ Eastern Promotion ընկերության ղեկավար Կախա Կանդելակին, աշխարհահռչակ շանսոնյեն առաջին անգամ է համերգ տալու Վրաստանում: Համերգային ծրագիրը կբացի երիտասարդ ջազային կատարող Բեկա Գոչաիշվիլին` Վրաստանի ժամանակով ժամը 20:00-ին, որից 45 րոպե անց կսկսվի Ազնավուրի համերգը:

Ախալցխայում տեղադրվել են մեծ էկրաններ, որոնք համերգային ծրագիրը կցուցադրեն live տարբերակով: Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը համերգի մի մասը կցուցադրի ուղիղ եթերում: Ազնավուրը Վրաստան է ժամանել երաժիշտների` 22 հոգուց բաղկացած խմբի հետ: Համերգային ծրագիրը կտևի 1,5 ժամ:

Ազնավուրի` Ախալցխայում համերգ տալը պատահական չէ, քանի որ երգչի հայրն այնտեղ է ծնվել: Նրա ծնողները Ֆրանսիա են գաղթել և մտադիր են եղել մեկնել ԱՄՆ, սակայն վիզա չստանալով` ստիպված մնացել են Ֆրանսիայում:

Նշենք, որ ավելի վաղ Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը հայտարարություն էր տարածել՝ Ազնավուրին կոչ անելով հրաժարվել Ախալցխայի բերդի վերաբացման կապակցությամբ կայանալիք համերգից և փոխարենը վրաց իշխանությունների առաջ հրապարակավ բարձրացնել ջավախահայությանը հուզող խնդիրները: Համանման կոչով հանդես էր եկել նաև «Սարդարապատ» շարժումը:

Մեկնաբանել