Պապիկյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 17-ին ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին։

«Ողջունել եմ առաքելության այցը Հայաստան, հայտնել առաքելության հետ համագործակցելու և առաքելությանն աջակցելու պատրաստակամություն: Հանդիպման ընթացքում ներկայացվել են առաքելության հիմնական նպատակներն ու խնդիրները: Քննարկվել են առաքելության գործունեության տեխնիկական և կազմակերպչական հարցեր»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Պապիկյանը։

***

Հայաստան ԵՄ քաղաքացիական առաքելություն ուղարկելու մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ու Եվրոպական խորհրդի ղեկավարների քառակողմ հանդիպման ընթացքում։

«Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին, առավելագույնը երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը»,- ասված էր հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարությունում։

Հոկտեմբերի 17-ին Եվրոպական Միությունը որոշում է կայացրել 40 հոգանոց դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան, որը տեղակայվելու հայ-ադրբեջանական սահմանին։