Հովհաննես Նազարեթյան, #CivilNetCheck
Եվրամիության Խորհուրդը հոկտեմբերի 17-ին որոշում է կայացրել քաղաքացիական առաքելություն ուղարկել Հայաստան՝ Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով դիտորդական աշխատանքներ իրականացնելու նպատակով։
Որոշումը կայացվել էր հոկտեմբերի 6-ին Պրահայում վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի քառակողմ հանդիպման արդյունքում։
Պաշտոնական մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ այն բաղկացած է լինելու առավելագույնը 40 դիտորդ-փորձագետներից, որոնք կդիտարկեն, կվերլուծեն և կզեկուցեն տարածաշրջանի իրավիճակի մասին։
Մինչդեռ ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունը հոկտեմբերի 17-ին, հղում անելով ԵՄ-ի անանուն ներկայացուցչի, գրել է, թե առաջին փուլում ԵՄ առաքելությունը բաղկացած է լինելու 400 դիտորդից։
Հատված ՏԱՍՍ-ի հոդվածից (արխիցվացված)
ՏԱՍՍ-ի այս չհաստատաված տեղեկությունը լայն տարածում է գտել հայկական լրատվականներում՝ «Արմենպրես», 5-րդ ալիքը, tert.am, news.am, 1in.am և այլն։
#CivilNetCheck-ը դիմեց Եվրամիության գրասենյակ՝ պարզելու, թե ի վերջո, քանի դիտորդ է տեղակայվելու Ադրբեջանի հետ սահմանին։ ԵՄ արտաքին, անվտանգության և պաշտպանության հարցերով մամուլի խոսնակ Մարիա Դանիելա Լենզուն ասաց, որ ճիշտ և փաստական տեղեկատվությունը այն է, որը հրապարակվել է մամուլի հաղորդագրությունում: