Հայ ռեժիսորի ֆիլմը կցուցադրվի Վիբորգի կինոփառատոնում

Այս օրերին Ռուսաստանի Վիբորգ քաղաքում անցկացվում է ռուսական կինոյի` «Պատուհան դեպի Եվրոպա» 20-րդ հոբելյանական կինոփառատոնը, որի ընթացքում կցուցադրվի 76 ֆիլմ:

Այսօր փառատոնի խաղարկային կինոյի հիմնական մրցութային ծրագրի շրջանակում կցուցադրվի նաև Մարիա Սահակյանի «Էնտրոպիան»: Ռեժիսորին 6 տարի առաջ ճանաչում է բերել «Փարոս» ֆիլմը, որը պատմում էր Կովկասյան պատերազմի մասին:

«Էնտրոպիայում» ընդամենը հինգ կերպար է ներկայացված՝ երկու ռեժիսոր, դերասանուհի, պրոդյուսեր և «Բանջար» մականունով հերոսը: Սյուժեի համաձայն` նրանք հավաքվել են դատարկ կիսակառույց տանը և սպասում են հայտնությանը, որի մասին և պատրաստվում են ֆիլմ նկարել: Ֆիլմում նկարահանվել են Քսենյա Սոբչակը և սկանդալային ռեժիսոր Վալերյա Գայ Գերմանիկան, որոնք սեփական կերպարներն են ներկայացնում: Ֆիլմում միակ պրոֆեսիոնալ դերասանը Եվգենի Ցիգանովն է: «Ես ֆիլմ եմ նկարահանել դատարկության մասին, թե ինչի կարող է այն հանգեցնել: Եթե անցյալում գոյություն ուներ սովետական գաղափարախոսությունը, որի հետ կարելի էր համաձայն լինել կամ ոչ, ապա այսօր ոչինչ չկա, ինչն էլ բերում է հասարակության քայքայմանը»,- ասել է Սահակյանը «Ռիա Նովոստի» գործակալությանը տրված հարցազրույցում:

Մարիա Սահակյանը ծնվել է Երևանում: 1993թ. նա ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա, որտեղ ավարտել է Կինոմատոգրաֆի համառուսական պետական համալսարանը: Նրա դիպլոմային աշխատանքը՝ «Հրաժեշտը», մրցանակների է արժանացել մի շարք միջազգային փառատոներում: 2006թ. ռեժիսորը նկարահանել է իր առաջին լիամետրաժը՝ «Փարոսը», որը ներկայացվել է Ռոտերդամի կինոփառատոնի միջազգային ծրագրում: Այս տարի Մարիա Սահակյանը երկու ֆիլմ է ստեղծել՝ «Ալավերդին» և «Էնտրոպիան»:

Մեկնաբանել