370 դոլարի դիմաց պայմանագրային զինծառայողը կատարել է պետական դավաճանություն

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է պետական դավաճանության հերթական դեպքը:

«Պարզվել է, որ ՀՀ քաղաքացի, ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային նռնականետորդ Վ.Հ-ն 2021-ի նոյեմբերին «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակից հանդիսացող, պայմանական անունով հանդես եկող անձի հետ և վարձատրության դիմաց իր բջջային հեռախոսի «Վոթսափ» հավելվածի միջոցով 2021-ի նոյեմբերից մինչև 2022-ի մայիսն ընկած ժամանակահատվածում հավաքել և հատուկ ծառայության ներկայացուցչին է հանձնել իր զորամասի տեղակայման վայրի, մարտական դիրքերի, դրանցում ծառայության անցկացման կարգի, զորամասի հաշվեկշռում գտնվող ավտոտեխնիկայի վերաբերյալ պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ, որոնց դիմաց օտարերկրյա հատուկ ծառայություններից երեք բանկային փոխանցումներով ստացել է 370 ԱՄՆ դոլար գումար»,- ասված է հաղորդագրությունում։

ԱԱԾ-ից հայտնում են, որ պայմանագրային զինծառայողին մեղադրանք է ներկայացվել, դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Մեկնաբանել