Առաջին լեռնահեծանվային պարկը Հայաստանում՝ Boo Mountain Bike Park

Լուսինե Վարդանյան

Վանաձորում հոկտեմբերի 1-ից գործում է Հայաստանի առաջին լեռնահեծանվային պարկը՝ Boo Mountain Bike Park-ը։ Այն ստեղծել են Էմմա Պետրոսյանը և Վաղինակ Կարապետյանը, որոնք նախագծի վրա աշխատում են 2017-ից։ Կորոնավիրուսի և պատերազմի պատճառով նախագծի մեկնարկը դանդաղել էր։

«Տենց մի հատ գեղեցիկ վայր ենք ստեղծել, որտեղ ոչ միայն հեծանիվ քշողները, այլ նաև ուղղակի քաղաքացիները գալիս են, շատ գեղեցիկ տեսարան է բացվում դեպի քաղաք, լեռան վրա՝ անտառում, սրճարան ենք կառուցել։ Նախատեսում ենք, որ հեծանվասպորտը զարգանա Հայաստանում թե՛ որպես ակտիվ զանգվածային սպորտ, թե՛ որպես զբոսաշրջության ձև»,- պատմում է նախագծի հեղինակ Էմմա Պետրոսյանը։

Boo Mountain Park-ում կան հեծանվային տարբեր բարդության հեծանվուղիներ, հեծանվային փամփթռեք՝ հատուկ լեռնային արահետ, որը տարածաշրջանում առաջինն է։ Այս արահետներից օգտվելն անվճար է, եթե այցելուներն ունեն սեփական հեծանիվ և սաղավարտ։ Կա նաև հեծանիվների վարձույթ և սրճարան, որը գործում է շաբաթ և կիրակի օրերին և այս նախաձեռնությանն ապահովում է ֆինանսական կայունություն։

«Շատ կարևոր է, որ կայուն լինի։ Չենք կարող անընդհատ դոնորների հույսին մնալ, տենց կկորի ծրագիրը, ափսոս է։ Դրա համար մտածեցինք բիզնես կոմպոնենտ լինի անպայման՝ սրճարանը և հեծանիվների վարձույթը, նաև տուրեր ենք անում ուղեկցորդով»,- ասում է Էմման։

Ծրագիրը ֆինանսավորվում է նաև ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար (ITTD)» ծրագրի դրամաշնորհի միջոցով, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվում GIZ-ի կողմից։ BOO Mountain Bike Park-ին աջակցել են նաև « DEVELOPMENT PRINCIPLES» ՀԿ-ն, UNDP GEF կազմակերպությունը, Հայաստանում Շվեյցարիայի դեսպանությունը, « ECOHUB » հիմնադրամը, Վանաձորի քաղաքապետարանը և ՀՀ սպորտի նախարարությունը:

Երևանում ապրելիս Էմման հաճախ է քաղաքից դուրս հեծանիվ վարել։ Լեռնահեծանվասպորտը բացահայտում էր նրա համար։ Ասֆալտից դուրս՝ անտառներում և սարերում հեծանիվ վարելու գաղափարը գրավել է նրան։ Այսպես ծնվել է Հայաստանում նման վայր ունենալու գաղափարը։ Բացի այդ, Էմման նշում է, որ Երևանում ապրելուց հոգնել էր, մտածում էր մարզ տեղափոխվելու և սեփական նախաձեռնություն ունենալու մասին։

Նա նշում է, որ ամենամեծ մարտահրավերը կորոնավիրուսային համավարակի և պատերազմի պայմաններում աշխատելն էր։ Մարտահրավերները շատ էին՝ թղթաբանությունից մինչև լեռնային հեծանիվների ձեռքբերում, դրանց համար մեխանիկ գտնելը, պետության, միջազգային կազմակերպությունների և անծանոթ համայնքի հետ աշխատել։

Պարկը ժամանցի վայր է դարձել ոչ միայն հեծանվորդների, այլև քաղաքում ապրող այլ մարդկանց համար։ Էմմայի խոսքով՝ նրանց համար այս ամենը նոր և մի քիչ էլ շոկային է։

«Ինչ-որ համայնք է ձևավորվում էս ամեն ինչի շուրջ՝ տեղացիների մասնակցությամբ, բայց Երևանից ու զբոսաշրջիկներից դեռ ավելի շատ է հետաքրքրությունը»,- ասում է նա։

Էմման և Վաղինակը Վանաձորից չեն, ապրել են Երևանում, իսկ Վանաձորում հայտնվել են պատահական, հետո են հասկացել քաղաքի գլխավոր առավելությունները՝ Վրաստանին մոտ լինելը, Դիլիջանի և Ստեփանավանի հետ կապը, տնտեսական ներուժը, երկաթգիծը, որը, հույս ունեն, առաջիկայում կվերածվի ճեպընթացի, ինչի արդյունքում ավելի մեծ զբոսաշրջային հոսքեր կգան Վրաստանից։

«Վանաձորի ներուժը յուրօրինակ է։ Քանի որ այն հետխորհրդային արդյունաբերական քաղաք է, հետաքրքիր է այն մարդկանց համար, որոնք սիրում են գործարաններ, ուրվական-քաղաքներ, ԽՍՀՄ պատմություն, խճանկարներ։ Եվ այս ներուժը ոչ մի կերպ չի օգտագործվել։

Երկրորդն անտառային և էկոտուրիզմի հնարավորությունն է։ Թեև անտառը 1990-ականներին լավ կտրել են, բայց ունի բավական հարուստ էկոհամակարգ, ու շատ հետաքրքիր է էդտեղ զուտ քայլել, հեծանիվ վարել, քեմփինգով զբաղվել, Փամբակի լեռնաշղթայի երկրորդ ամենաբարձր գագաթը՝ Մայմեխն է այստեղ։

Բիզնես տուրիզմի համար է հետաքրքիր, ՏՏ-ի համար, քանի որ համեմատած Երևանի՝ Գյումրիի և Դիլիջանի՝ տներն ավելի մատչելի են»,- Վանաձորի ներուժի մասին պատմում է էմման։

Ապագայում նախատեսվում է Boo Mountain Park-ը մեծացնել հինգ հեկտարով՝ ներառելով անտառային տարածք, սակայն կա համայնքային ու պետական հողերի գոտիավորում։ Քանի որ նախկինում այստեղ ծրագրեր չեն իրականացվել, թղթաբանական դժվարություններ կան։

Հիմա ցանկություն կա աշխատելու Երևանի հեծանվային ակումբների հետ։ Էմման բոլորին հրավիրել է հեծանվային պարկ՝ փորձելու այն և զարգացնելու ներքին տուրիզմը։

«էդ հարցում կուզեմ, որ մենակ չլինեմ։ Մենակ մի քիչ դժվար է Երևանից մարդկանց բերելը»,- ասում է Էմման և ավելացնում, որ ձմռանը չեն փակվելու, փորձելու են արահետները բաց պահել, մաքրել, և դրա համար հարկավոր են կամավորներ, որոնք կօգնեն բահերով ձնաշերտը մաքրել, ընկած ճյուղերը հավաքել ու դրանով իրենց լուման ունենալ։

Նյութը հրապարակվում է գործընկերության շրջանակում։