Վարչապետն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, ինչպես նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ:

Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային և կարևորել Միացյալ Նահանգների ու ընդհանրապես միջազգային հանրության համարժեք ու հասցեական արձագանքը․ «Վարչապետը շեշտել է Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների անվտանգության ու իրավունքների ապահովման կարևորությունը»:

Դեյվիդ Փրայսը ողջունել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը միտված հետևողական քայլերը: Նա ընդգծել է հայ-ամերիկյան սերտ փոխգործակցության ընդլայնման կարևորությունը՝ ի նպաստ տարբեր ոլորտներում կապերի զարգացման ու ամրապնդման:

«Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածք ներխուժումն ու նշել ադրբեջանական ստորաբաժանումների՝ անհապաղ ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը: Դեյվիդ Փրայսը դատապարտել է հայ զինվորների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների կողմից անմարդկային վերաբերմունքն ու գործողությունները: Միաժամանակ, նա կարևորել է մինչ օրս Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերադարձի ապահովումը»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել