Երևանի կոնյակի գործարանի թանգարանը` World Travel Awards-ի մրցանակակիր

Երևանի կոնյակի գործարանի թանգարանը՝ ARARAT Museum-ը, արժանացել է միջազգային հեղինակավոր World Travel Awards մրցանակի՝ հաղթող ճանաչվելով Եվրոպայի լավագույն «Brandy Distillery Tour» անվանակարգում։

Մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 1-ին` Իսպանիայի Պալմա դե Մայորկա քաղաքում և միավորել տուրիզմի ոլորտի աշխարհի առաջատարներին ավելի քան 40 երկրներից։

World Travel Awards մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 1993 թ. և միտված է նշանավորելու ճամփորդական, տուրիզմի և հյուրընկալության ոլորտների լավագույն մոտեցումները։ Միջազգայնորեն ճանաչված World Travel Awards մրցանակը տարիների ընթացքում դարձել է ոլորտի կատարելագործությունը վկայող կնիք։

«Հյուրընկալությունը ARARAT-ի համար այն առանցքային արժեքներից է, որը ձևավորվել է դեռևս տասնամյակներ առաջ։ Ըստ մեր ուսումնասիրությունների` դեռևս խորհրդային ժամանակներում այցելությունը Երևանի կոնյակի գործարան բարձրաստիճան հյուրերի արարողակարգի անքակտելի մաս էր։ Հենց այդ հիմքերի վրա տարիներ առաջ ձևավորվեց ARARAT թանգարանը, որն այսօր հազարավոր զբոսաշրջիկների համար Հայաստանը ճանաչելու միգուցե ամենաջերմ դարպասն է։ Սա թե՛ ոգևորիչ է, թե՛ պարտավորեցնող, ուստի շնորհավորում եմ բոլորիս միջազգային այս բարձր գնահատականի համար։ ARARAT-ը անվերջ բացահայտումների աշխարհ է, և նրա ամբողջ թիմը կշարունակի անել ամեն ինչ, որ բրենդի հետ հաղորդակցվելը դառնա իրապես անմոռանալի ցանկացած այցելուի, ցանկացած սպառողի համար»,- ընդգծում է Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։