Պապիկյանը Հնդկաստանի իր պաշտոնակցի հետ քննարկել է ռազմատեխնիկական համագործակցությունը

Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Շրի Ռաջնաթ Սինկհի հետ, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

«Զրուցակիցները գոհունակություն են հայտնել համագործակցության ներկա մակարդակի վերաբերյալ, քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները, երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մի շարք հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։

Հանդիպմանը Պապիկյանը ներկայացրել է ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը և շնորհակալություն հայտնել միջազգային ատյաններում Հնդկաստանի հստակ դիրքորոշման համար։

Սուրեն Պապիկյանը գործընկերոջը նաև հրավիրել է Հայաստան։

***

Սեպտեմբերին հնդկական Economic Times-ը գրել էր, որ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը Հայաստանի հետ հրթիռների, արկերի և զինամամթերքի մատակարարման խոշոր պատվեր է ստորագրել։

Ըստ հրապարակման՝ Հայաստանը Հնդկաստանից կստանա ժամանակակից «Պինակա» hամազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, հակատանկային միջոցներ և այլ զինամթերք: Ռազմամթերքի մատակարարման գործարքի գինը գնահատվում է մոտ 245 միլիոն դոլար:

Հնդկաստանը Հայաստանին սպառազինություն էր վաճառել նաև 2020-ին։ Այդ ժամանակ հայկական կողմը մոտ 40 մլն դոլարով ձեռք էր բերել չորս Swathi ռադարներ։

Մեկնաբանել