Քննարկվում է հայկական կողմից հայ-ադրբեջանական սահման ԵԱՀԿ դիտորդներ գործուղելու թեման։ Այս մասին հոկտեմբերի 18-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Շատ մոտ ապագայում այս մասով ևս հստակություն կունենանք»,- ասաց ԱԳՆ ղեկավարը։
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ դիտորդների վերաբերյալ հարցին, Արարատ Միրզոյանը նշել է․ «Մենք դիմել ենք կազմակերպությանը և որոշում է կայացվել նախնական փաստահավաք առաքելություն ուղարկել։ Եկել են այդ պաշտոնյաները և իրենց արձանագրումների հիման վրա զեկույց են պատրաստել։ Զեկույցը ներկայացված է բոլոր անդամ պետություններին, քարտուղարությունը նաև զեկույցի հիման վրա այժմ որոշման նախագիծ է շրջանառել։ Մենք բանավոր քննարկումներով փորձել ենք հասկանալ՝ երբ կարող է տեղի ունենալ ՀԱՊԿ բարձրագույն մարմնի նիստը, որտեղ երկրների ղեկավարները կարող են քննարկել նոր դիտորդական առաքելության գործուղումը։ Այս փուլում ենք՝ որոշում չկա, քննարկումներ կան»։
***
Եվրամիության Խորհուրդը հոկտեմբերի 17-ին որոշում է կայացրել քաղաքացիական առաքելություն ուղարկել Հայաստան՝ Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով դիտորդական աշխատանքներ իրականացնելու նպատակով։
Որոշումը կայացվել էր հոկտեմբերի 6-ին Պրահայում վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի քառակողմ հանդիպման արդյունքում։
Պաշտոնական մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ այն բաղկացած է լինելու առավելագույնը 40 դիտորդ-փորձագետներից, որոնք կդիտարկեն, կվերլուծեն և կզեկուցեն տարածաշրջանի իրավիճակի մասին։