Որքան են ավելացել ոստիկանության և պաշտպանության ապահովման բյուջեները վերջին տարիներին. Սաղաթելյանի հայտարարության հետքերով

բանակ- army

Անի Գրիգորյան, Հովհաննես Նազարեթյան, #CivilNetCheck

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, Դաշնակցության Գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանը հոկտեմբերի 9-ին News.am-ի հետ զրույցում պնդել էր, թե վերջին երեք տարվա մեջ ՀՀ ռազմական ծախսերը նույնն են մնացել, որևէ ավելացում չի եղել, իսկ ոստիկանության վրա ծախսվող գումարները ավելացել են 40 միլիարդով:

Սաղաթելյանը զրույցում անդրադարձել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի՝ Factor.am-ին տված հարցազրույցում արված հայտարարությանը, թե Հայաստանն այլևս չունի ռեսուրս՝ Արցախի անվտանգությունն ապահովելու համար։

«[…] Մի պարզ բան, որ ասում են՝ հնարավորություն և ռեսուրս չունենք, պատերազմից անցել է 2 տարի, ամեն ինչի համար գումար կա, բայց բանակի համար….: 3 տարվա մեջ ռազմական ծախսերը նույնն են, որևէ ավելացում չկա, իսկ դրան զուգահեռ ոստիկանության վրա ծախսվող գումարները 3 տարի առաջվա համեմատ ավելացրել են 40 միլիարդով: Այսինքն՝ ռեսուրսներ կան, բայց հայրենիքը պաշտպանող չկա»,- հակադարձել է Իշխան Սաղաթելյանը:

Ինչպես Աղաջանյանի, այնպես էլ Սաղաթելյանի հայտարարությունները՝ ռեսուրսների մասով, ունեին առավել քաղաքական բնույթ և չափելի չեն։ Այդ իսկ պատճառով, ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, որոշեց պարզել, թե որքանով են Սաղաթելյանի ներկայացրած տվյալները՝ բանակին և ոստիկանությանը բյուջեից հատկացումների մասով, համապատասխանում իրականությանը։

Ռազմական ծախսերին հատկացումները

Այսպես, ռազմական ծախսերի մասով, #CivilNetCheck-ը օրերս հրապարակել էր ուսումնասիրություն ղարաբաղյան առաջին պատերազմից ի վեր Հայաստանի և Ադրբեջանի ռազմական ծախսերին հատկացումների մասին։

Ստորև գրաֆիկում ներկայացվում է, թե վերջին չորս տարիներին կառավարությունը ի սկզբանե որքան գումար է պլանավորել ուղղել պաշտպանության ապահովման բյուջեին, տարվա ընթացքում որքան է կազմել ճշգրտված պլանը և փաստացի ինչքան է եղել ծախսը։ Տվյալների աղբյուրը Ֆինանսների նախարարությունն է և ՀՀ տարեկան պետական բյուջեները։

Ինչպես երևում է գրաֆիկում, տարեկան պլանով՝ այսինքն պետական բյուջեի նախնական տարբերակով, որը ներկայացվում է նախորդող տարվա աշնանը և հաստատվում հիմնականում դեկտեմբերին, 2019-2021թթ. պաշտպանության ապահովման բյուջեն գրեթե նույնն է մնացել՝ կազմելով, համապատասխանաբար, 302, 303, և 306,5 մլրդ դրամ։

Միաժամանակ, ճշտված պլանով 2020-ին էական՝ 24 տոկոս աճ է եղել (պայմանավորված 44-օրյա պատերազմով և հայտարարված ռազմական դրությամբ)՝ հասնելով 396 մլրդ դրամի։

2021-ի պաշտպանության ապահովման բյուջեն ճշտված պլանով ավելացվել է նախատեսվածի համեմատ՝ դառնալով 334 մլրդ, սակայն չի հասել 2020-ի առավելագույնին։

Ինչ վերաբերում է 2022-ին, 2021-ի համեմատ նկատելի աճ է գրացվել ինչպես ի սկզբանե նախատեսվածի, այնպես էլ ճշտված պլանի մասով։ 2022-ին նախատեսվել էր 340 մլրդ դրամ, իսկ ճշտված պլանը 361 մլրդ է։ Սակայն կրկին չի հասել 2020-ի ցուցանիշին։

Իսկ ահա 2023-ին պաշտպանության ապահովման բյուջեն նախատեսվում է ավելացնել էապես՝ գրեթե 50 տոկոսով։

Այսպիսով, ինչպես փաստում են տվյալները, վերջին երեք տարիներին կառավարությունը պետական բյուջեի նախագծով պաշտպանության ապահովման բյուջեի հատկացումները գրեթե նույն են եղել, սակայն ճշգրտված պլանով դրանք մշտապես աճել են։ 2022-ի և գալիք 2023-ի մասով, բյուջետային այդ հատկացումների աճը էականորեն բարձր է։

Ոստիկանության ծախսերը

Ֆինանսների նախարարությանը խնդրեցինք տրամադրել նաև՝ որքան գումար է վերջին տարիներին ուղղվել ոստիկանությանը։ Ստորև գրաֆիկում ներկայացված է, թե 2019-ից ի վեր որքան գումար է պետական բյուջեով նախատեսվել հատկացնել ոստիկանությանը, որքան է կազմել ճշտված պլանը և փաստացի ծախսը։

Սաղաթելյանի հայտարարությունը, թե վերջին երեք տարում ոստիկանության վրա ծախսվող գումարները ավելացրել են 40 միլիարդով, ներկայացված տվյալներով չեն համապատասխանում իրականությանը։ Եվ նախատեսված և ճշտված պլանների դեպքում գումարները տատանվել են 64-71 մլրդ դրամի շրջանակում։

Ոստիկանությանն ուղղվող գումարները կաճեն 2023-ին. 2022-ին նախատեսված 66,5 մլրդ դրամի դիմաց 2023-ին նախատեսվում է ուղղել 76,2 մլրդ դրամ կամ շուրջ 10 մլրդ դրամով ավել։ Նշենք, որ 2022-ին արդեն ոստիկանության ճշտված պլանը հոկտեմբերի դրությամբ աճել է՝ կազմելով 71,7 մլրդ դրամ՝ 5 միլիարդով ավել։ Սակայն նշված 40 միլիարդը որևէ տարիներով չի հաստատվում։

Այսպիսով, Սաղաթելյանի ներկայացրած տվյալները ոստիկանության և պաշտպանության ապահովման ուղղվող միջոցների մասով չեն համապատասխանում իրականությանը։

Մեկնաբանել