Մեսսի. Լավ ենք համագործակցում Ագուերոյի և Իգուաինի հետ

Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար, «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին մեկնաբանել է իր ազգային հավաքականի հաղթանակը Գերմանիայի հետ ընկերական խաղում:

«Գերմանացիները ուժեղ հավաքական ունեն: Երբ նրանք մնացին 10 հոգով, խաղում ինչ-որ բան փոխվեց: Մենք սկսեցինք ավելի շատ տիրել գնդակին և դա հաճույքով էինք անում: Սա շատ հավասարակշռված խաղ էր, չնայած որ բացասական կողմեր էլ եղան:

Ինչ վերաբերում է իմ գոլին, ապա կասեմ, որ սա նաև Ագուերոյի և Իգուաինի արժանիքն է: Խաղադաշտում մենք լավ ենք միասին աշխատում: Իսկ ինչ վերաբերում է Բատիստուտայի ռեկորդին, ապա դեռ բավականին հեռու եմ դրանից», – Մեսսիի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Նշենք, որ Գաբրիել Բատիստուտան ռեկորդակիր է Արգենտինայի հավաքականի կազմում խփած գոլերի քանակով՝ 56: Մեսսի երեկվա գոլը դարձավ 27-րդը Արգենտինայի կազմում: