Google Maps-ից հեռացվել են Սյունիքի մարզի տեղանունների ադրբեջաներեն տարբերակները

«Թաթոյան» հիմնադրամի և Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի համատեղ ջանքերով Google Maps և Google Earth հավելվածներից հեռացվել են ՀՀ Սյունիքի մարզի համայնքների տեղանունների կեղծ` ադրբեջաներեն տարբերակները, հայտնում է Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

Սեպտեմբերի 29-ին հիմնադրամը Սիսիանի բնակիչներից մեկի ահազանգի հիման վրա պարզել էր, որ Google Maps և Google Earth հավելվածներում անվանափոխված և կեղծ կամ գոյություն չունեցող ադրբեջանական անուններով են նշված Սյունիքի մարզի դպրոցներ, այգիներ, հրապարակներ և այլն: Օրինակ` Որոտան գետը նշված է ադրբեջանական անվանումով՝ Bazarçay, Սիսիանի զբոսայգին անվանակոչված է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի անունով, Սյունիքի մարզպետարանի տեղանքը նշված է միայն ադրբեջաներենով՝ Zəngəzur Vilayəti Administrasiyası և այլն: Նմանատիպ մոտեցմամբ ադրբեջաներենով էին նշված նաև տեղանուններ Մեղրիում, Կապանում։

«Ակնհայտ էր, որ սա ադրբեջանական իշխանությունների՝ Սյունիքն ադրբեջանական լինելու վերաբերյալ բացարձակ կեղծ թեզը ներկայացնելու եղանակ էր։ Ավելին, դրանով փորձ էր արվում լեգիտիմացնել ադրբեջանական հանցավոր ներխուժումները և հարձակումները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել