Հայաստանը դիտարկում է Հնդկաստանից հակաօդային միջոցներ և ԱԹՍ-ներ գնելու հնարավորությունը

Հայաստանը դիտարկում է Հնդկաստանից հակաօդային պաշտպանության միջոցներ և անօդաչու թռչող սարքեր գնելու հնարավորությունը, հաղորդում է հնդկական The Print պարբերականը։

«Ադրբեջանի հետ հարաբերություններում շարունակվող լարվածության ֆոնին Հայաստանը դիտարկում է Հնդկաստանի հետ պաշտպանական նոր գործարքներ կնքելու հնարավորությունը․ հակաօդային պաշտպանության միջոցներից բացի, Հայաստանը դիտարկում է նաև անօդաչու թռչող սարքեր և այլ զինամթերք գնելու հնարավորությունը»,- գրում է կայքը։

The Print-ի աղբյուրները հայտնում են, որ Հայաստանը դիտարկում է հնդկական «Ակաշ» հակաօդային պաշտպանության միջոցներ, ինչպես նաև մասնավոր Tata Advanced Systems Limited և Solar Industries ընկերությունների կողմից մշակված «կամիկաձե» անօդաչու թռչող սարքեր գնելու հնարավորությունը։

Կայքը հիշեցնում է, որ հոկտեմբերի 18-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Հնդկաստանի իր պաշտոնակցի հետ հանդիպմանը քննարկել ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության խորացումը։

«Ադրբեջանը շատերի կողմից դիտվում է որպես Թուրքիայի և Պակիստանի հետ ձևավորվող առանցքի մաս: Ադրբեջանն օգտագործել է թուրքական անօդաչու թռչող սարքերը Հայաստանի դեմ պատերազմ վարելու համար, ինչպես նաև Պակիստանի հետ բանակցություններ է վարում JF-17 կործանիչներ գնելու համար»,- գրում է հնդկական լրատվամիջոցը։

***

Սեպտեմբերին հնդկական Economic Times-ը գրել էր, որ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը Հայաստանի հետ հրթիռների, արկերի և զինամամթերքի մատակարարման խոշոր պատվեր է ստորագրել։

Ըստ հրապարակման՝ Հայաստանը Հնդկաստանից կստանա ժամանակակից «Պինակա» hամազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, հակատանկային միջոցներ և այլ զինամթերք: Ռազմամթերքի մատակարարման գործարքի գինը գնահատվում է մոտ 245 միլիոն դոլար:

Հնդկաստանը Հայաստանին սպառազինություն էր վաճառել նաև 2020-ին։ Այդ ժամանակ հայկական կողմը մոտ 40 մլն դոլարով ձեռք էր բերել չորս Swathi ռադարներ։

Մեկնաբանել