Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը կալանավորվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ 1 նստավայրի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը կալանավորվեց, դատարանը բավարարել է ԱԱԾ միջնորդությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ալեքսանյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։

«Իհարկե այլ բան չէինք էլ սպասում, քանզի վերջին ժամանակներում դատարանների և դատավորների շուրջ տեղի ունեցող իրադարձությունները միանշանակ ուղղված են հլու-հնազանդ դատական համակարգ ձևավորելուն։ Դժվար է պատկերացնել, որ ԲԴԽ-ի կողմից դատավոր Արուսյակ Ալեքսանյանին կալանավորելու համաձայնություն տալը, նրան ԱԱԾ-ի կողմից ձերբակալելը և կալանավորման միջնորդություն ներկայացնելը չէր ազդելու դատավորների, առավել ևս Աջափնյակ 1 նստավայրի դատավորների վրա, որպեսզի ԱԱԾ-ին և դատախազությանը հակառակ որոշում կայացնելուց առաջ ևս 10 անգամ մտածեն ու ապահովագրվելու, շառից ու փորձանքից հեռու մնալու համար չմերժեն նրանց միջնորդությունները»,- գրել է փաստաբանը։

Հոկտեմբերի 17-ին ազգային անվտանգության ծառայությունը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրից բերման էր ենթարկել փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։ Մեղադրյալի կարգավիճակ ունի նաև Աջափնյակի նստավայրի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը։ Բարձրագույն դատական խորհուրդը զրկել էր դատավորին անձեռնմխելիությունից և թույլատրել նրա նկատմամբ նախաձեռնել քրեական վարույթ։