Պատմական փաստաթուղթը չի անհետացել. ինչ էր ասվում ԱՊՀ-ի ստեղծման հռչակագրի վերապահումների փաստաթղթում

Անի Գրիգորյան, #CivilNetCheck

«Հրապարակ» օրաթերթը հոկտեմբերի 19-ին «Ո՞ւր է անհետացել պատմական փաստաթուղթը» վերտառությամբ հոդված է հրապարակել՝ նշելով, թե «անհետացել է» ՀՀ Գերագույն խորհրդի կողմից Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին համաձայնագրի (Ալմա-Աթայի հռչակագրի) վավերացման մասին՝ վերապահումներ պարունակող փաստաթուղթը։

Այս փաստաթղթի մասին սկսեցին ակտիվ խոսել, երբ հայտարարվեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին, որոնցով կողմերը ժամանակին ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը: Շատերը հայտարարեցին, որ Գերագույն խորհուրդը հռչակագիրը վավերացրել է վերապահումներով՝ նշելով, որ այն չի վերաբերում Արցախին։

«ԱԺ-ից մեզ ասացին, թե իրենց արխիվում նման փաստաթուղթ չկա, հնարավոր է՝ Ազգային արխիվում լինի։ Մենք հարցում ենք արել, որպեսզի պարզենք, թե ուր է անհետացել պատմական փաստաթուղթը, որի ընդունմանը 260 մարդ է մասնակցել, և բազում մարդիկ են տեղեկացված»,- գրել է «Հրապարակը»՝ նշելով, թե այն իբր արտաքին գործերի նախարարությունում (ԱԳՆ) էլ չկա։

Հոդվածը վերահրապարակել են News.am, mamul.am, mediahub.am, newarmenia.am, yerkir.am, ankakh.am, yerevan.today և այլ լրատվականներ։

Փաստաթուղթը չի անհետացել

Ավելի վաղ ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը` #CivilNetCheck-ը, հարցում էր արել ԱԳՆ՝ խնդրելով տրամադրել ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագրի ՀՀ-ի կողմից ներկայացված վերապահումներով փաստաթուղթը։ ԱԳՆ-ից պատասխանել են, որ այն հասանելի է բաց աղբյուրներում։

Եվ իսկապես՝ Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգում՝ arlis.am կայքում տեղադրված է 1992-ի փետրվարի 18-ին ՀՀ Գերագույն խորհդի որոշումը՝ 1991 թվականի դեկտեմբերի 8-ին Մինսկում Բելառուսի, Ռուսաստանի (ՌԽՖՍՀ) և Ուկրաինայի ստորագրած Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին համաձայնագրի վավերացման մասին։ Փաստաթղթի համարն է՝ Հ.Ն-0525-I։ Դրանում ԳԽ-ն որոշում է վավերացնել համաձայնագիրը՝ վերապահումներով։

Ներկայացվել էր ընդհանուր տասը վերապահում։ Դրանցից մեկով, օրինակ, ԳԽ-ն առաջարկել է վերաշարադրել համաձայնագրի 5-րդ հոդվածը, որում նշվում է. «Բարձր պայմանավորվող կողմերը ճանաչում և հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը և համագործակցության շրջանակներում գոյություն ունեցող uահմանների անձեռնմխելիությունը»։

ԳԽ-ն առաջարկել է այն շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Բարձր պայմանավորվող կողմերը ճանաչում և հարգում են ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, միմյանց տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»։

Իսկ Համաձայնագրի 13-րդ հոդվածի մասով, որում նշվում է, որ այն «բաց է ԽՍՀՄ անդամ բոլոր պետությունների առջև», ԳԽ-ն առաջարկել է լրացնել «այդ թվում ԽՍՀՄ-ի նախկին ինքնավար կազմավորումների համար, որոնք ԽՍՀՄ Գերագույն խորհրդի «ԽՍՀՄ-ի գոյության դադարեցման մասին» հռչակագրի ընդունումից առաջ անցկացրել են անկախություն հռչակելու վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե, և դրա հիման վրա ինքնավար կազմավորման իշխանության բարձրագույն գործադիր մարմինը դիմել է Անկախ պետությունների համագործակցություն` նրա կազմի մեջ ընդունվելու խնդրանքով» բառերով:

1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջան՝ բոլոր մակարդակների պատգամավորների մասնակցությամբ: Ընդունվեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» որոշումը, որով նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի տարածքում ձևավորվել էր ԼՂՀ-ն: Իսկ 1991թ. դեկտեմբերի 10-ին, ԼՂ-ի բնակչությունը հանրաքվեով ամրագրեց անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը:

Իսկ «ԽՍՀՄ-ի գոյության դադարեցման մասին» հռչակագիրն ընդունվել էր 1991-ի դեկտեմբերի 26-ին, այսինքն՝ ԼՂ-ում մինչ արդեն տեղի էր ունեցել անկախության հանրաքվեն։

Մեկնաբանել